Հայ մշակույթի տարածման ու զարգացման գործում ունեցած զգալի ավանդի, ինչպես նաև Հայաստանում 25-ամյա ակտիվ գործունեություն ծավալելու համար Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով և ՀՀ մշակույթի նախարարութ յան պատվոգրով:

.

Պատվո հյուպատոսին հուշամեդալն ու պատվոգիրը հանձնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ նշելով, որ Անտոնիո Մոնտալտոն այն եզակի մարդկացից է, ով, գալով Գյումրի, մնացել ու նվիրվել է այս քաղաքին ու Հայաստանին:

 

«Իմ ծանոթությունը հյուպատոսի հետ եղել է շատ վաղուց: Տարիների ընթացքում տեսա, թե յուրաքնաչյուր վայրկյան ինչպես է այս անձնավորությունը մտածում Հայաստանի մասին և ինչքանով է հարազատորեն ընդունում մեր երկիրը՝ իր բոլոր խնդիրներով ու դարդ ու ցավով: Հյուպատոսը դրախտ է ստեղծել Գյումրիի կենտրոնում, իր նախաձեռնություններով լուծում է ոչ միայն մշակութային, այլ նաև սոցիալական, կրթական խնդիրներ: Ու դա անում է մեծ սրտացավությամբ: Երբեմն չեմ հասկանում՝ հյուպատոսը իտալացի՞ է, թե' հայ, քանի որ նա ամենն անում է մեծ սրտացավությամբ»,- նշեց Հասմիկ Պողոսյանը:

 

Նախարարը հուշամեդալը հյուպատոսին հանձնեց «Վիլլա Գար» հյուրատուն-հյուրանոցում, որը ստեղծվել է հյուպատոսի նախաձեռնությամբ ու աջակցությամբ: Կառույցը, որը վերականգնվել է, Գյումրու պատմաճարտարապետական «Կումայրի» արգելոցի տներից է: Սա Իտալիայի պատվո հյուպատոսի Գյումրիում արած միակ ներդրումը չէ. նրա նախաձեռնությամբ վերջերս Գյումրիում բացվեց արհեստագործական արվեստանոց:

 

Արվեստանոցը յուրահատուկ է ոչ միայն նրանով, որ տեղակայված է Գյումրու 18-րդ դարավերջի ճարտարապետական մեծ նշանակություն ունեցող տներից մեկում, այլ նաև հայկական ավանդական կերամիկայի հետազոտական կենտրոն է՝ ունենալով բոլոր հնարավորությունները այս ավանդական արհեստը ցանկացողերին փոխանցելու ու այն զարգացնելու: Թեև այս պահին արվեստանոցում գործում է խեցեգործության բաժինը, սակայն հետագայում արվեստանոցում զարգանալու են նաև գորգագործությունը, ոսկերչությունը, արծաթագործությունը և այն բոլոր արհեստները, որոնք բնորոշ են եղել Գյումրիին:

 

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դեկտեմերի 5-ին եղավ նաև արհեստագործական արվեստանոցում, ծանոթացավ այդտեղ ստեղծվող աշխատանքներին, զրուցեց խեցեգործ-վարպետների հետ: Պատվո հյուպատոսը շնորհակալություն հայտեց հուշամեդալի և նախարարի այցի կապակցությամբ՝ նշելով, որ այսուհետ ևս ծրագրեր կիրականացնի Գյումրիում. արդեն ձևավորվել է ՙԳյումրիի ընկերներ՚ հիմնադրամը, որի գաղափարն ու նպատակը Գյումրու պատմական կենտրոնի վերականգնումն է: Այս հիմնադրամի բարեկամների շարքը կարող են համալրել բոլոր ցանկացողները:

 

Արմենուհի Մխոյան