ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի գրողների միությունը նախորդ տարի հրատարակել է 30 անուն գիրք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 16-ին՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«ՀՀ մշակույթի նախարարությունը տարբեր ծրագրերով օժանդակում է միությանը գրքեր հրատարակելու համար: Նախարարության օժանդակությամբ նախորդ տարի հրատարակվել է շուրջ 30 անուն գիրք: Հիմնականը երիտասարդ գրողների, սփյուռքահայ գրողների և ազգային փոքրամասնությունների գործերն են»,-ասաց Միլիտոնյանը:

Միությունը նաև իր ֆինանսական միջոցներով է հրատարակում ժամանակակից գրողների գրքեր: Արդեն ստեղծել են երկու մատենաշար: «1960-ականներին Հայաստանում լույս էր տեսել մի մատենաշար, որը մեծ դեր է ունեցել 60-70-ական թթ. գրական մտածողության համար: Դրանում տպագրվել են աշխարհի մեծանուն գրողների ստեղծագործությունների թարգմանություններ, ժամանակակից գրողների գործեր՝ արձակ և պոեզիա: Եվ մենք, այսպես ասած, վերականգնեցինք այդ մատենաշարը: 2017-ին արդեն հրատարակել ենք 7 անուն, և դեռ շարունակելու ենք հրատարակել»,-եզրափակեց միության նախագահը: