Կենտրոնական բանկից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալը 2013 թվականին կազմել է 446.8 մլրդ դրամ' նախորդ տարվա համեմատ ավելանալով 1.5 տոկոսով: Կանխիկ դրամի տեսակային կառուցվածքում էական փոփոխություններ չեն եղել: Առավել մեծ չափով է աճել շրջանառության մեջ գտնվող 10000 դրամ անվանական արժեքներով թղթադրամների ծավալը, իսկ մետաղադրամներից' 20 և 50 դրամ անվանական արժեքներով մետաղադրամների ծավալը:
Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, դրամարկղային շրջանառության ծավալը 2013 թվականին աճել է 4.5 տոկոսով: Տարածքային դրամարկղային կենտրոնների միջոցով իրականացվել է Կենտրոնական բանկի դրամարկղային ելքերի 37.2 տոկոսը, իսկ մուտքերի' 6.2 տոկոսը:
Միևնույն ժամանակ, հայաստանյան բանկերի կողմից հաճախորդներին առաջարկվող բանկային օնլայն սպասարկման համակարգերի միջոցով հաճախորդների նախաձեռնած ընդհանուր վճարումները 2013 թվականի ընթացքում ավելացել են 47 տոկոսով և կազմել 6 տրլն դրամ: Նշված վճարումները հաճախորդների կողմից իրականացվել են բանկ-հաճախորդ համակարգերով (վճարումների ծավալը կազմել է 4.6 տրլն դրամ), ինտերնետ-բանկինգ ծառայության միջոցով (վճարումների ծավալը կազմել է 1.4 տրլն դրամ), ինչպես նաև հեռախոսային-բանկինգ ծառայության միջոցով (վճարումների ծավալը կազմել է 3.9 մլրդ դրամ):
Հաճախորդների կողմից բանկ-հաճախորդ համակարգով և ինտերնետ-բանկինգ ծառայության միջոցով իրականացված մեկ վճարման միջին գումարը կազմել է 1.1-ական մլն դրամ, իսկ հեռախոսային բանկինգի միջոցով' 152 հազար դրամ: