Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2014 թ. վերջի դրությամբ ունեն ապահովագրության 594.9 հազար գործող պայմանագիր, որոնց ապահովագրական գումարները կազմել են 9.5 տրլն դրամ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկից, վերաապահովագրողներին փոխանցված ռիսկերի վերաապահովագրական գումարները կազմել են 3.3 տրլն դրամ կամ ապահովագրական գումարների 34.1 տոկոսը:

 

Ապահովագրական ընկերությունների ակտիվները 2014 թ. չորրորդ եռամսյակում նվազել են 8.1 տոկոսով և տարեվերջի դրությամբ կազմել են 43.4 մլրդ դրամ: Պարտավորությունները ևս նվազել են' կազմելով 27.7 մլրդ դրամ, իսկ ապահովագրական ընկերությունների ընդհանուր կապիտալի ծավալը տարեվերջին եղել է 15.8 մլրդ դրամ:

 

Ապահովագրական ընկերությունների ակտիվների կազմում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են ունեցել ավանդները բանկերում' 32.7 տոկոս, պետական արժեթղթերը' 20.4 տոկոս և ուղղակի ապահովագրության գծով ստացվելիք գումարները' 12.7 տոկոս:

 

2014 թվականի ընթացքում ապահովագրական ընկերությունների' վերահսկողական հաշվետվությունների հիման վրա ստացված զուտ շահույթը կազմել է 1.9 մլրդ դրամ: Հաշվեգրված ապահովագրավճարները կազմել են 30.1 մլրդ դրամ, իսկ վերաապահովագրողին փոխանցվող ապահովագրավճարները' 3.6 մլրդ դրամ կամ ապահովագրավճարների 12 տոկոս:

 

2014 թ. վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործունեության լիցենզիա են ունեցել 8 ապահովագրական ընկերություններ: