ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր դնելու մասին հայտարարած Արմեն Ամիրյանը մայիսի 3-ին հրաժեշտ տվեց նախարարության իր գործընկերներին, որոնց հետ փորձեց, ինչպես ինքն ասաց՝ անել առավելագույնը ոլորտում արմատացած խնդիրները լուծելու, հայ մշակույթն արժանի բարձրության վրա պահելու, աշխարհին այն արժանապատվորեն ներկայացնելու համար: Գործընկերներին հրաժեշտ տալու համար Արմեն Ամիրյանը եկել էր ընտանիքի՝ կնոջ ու կրտսեր դստեր հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ցավոք, ավագ երեխաներս, թոռնիկս այստեղ չեն, այլապես նրանք էլ այստեղ կլինեին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեկ ու կես տարվա համատեղ աշխատանքի համար: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրիս համար մեծ պատիվ է ծառայել հայ մշակույթին, ծառայել հայրենիքին: Ես այդ գիտակցությամբ եկա, և հուսով եմ, որ մենք միացանք այդ գիտակցությանը, և մեկ ու կես տարվա ընթացքում միասին կարողացանք աշխատել, արարել հենց այդ գիտակցությամբ»,- նշել է Ամիրյանը:

 

«Անկեղծ ասած, երկրորդ նախարարին եմ ճանապարհում, ու մարդկայնորեն ինձ համար հեշտ չէ: Մենք ձեզ շնորհակալ ենք, որովհետև բերեցիք նոր մտածողություն, նոր սկզբունքներ, որոնք սկզբում մեզ համար գուցե խորապես ընկալելի չէին, բայց արդյունքում պարզվեց, որ դրանք իսկապես «աշխատում են»,- ասաց մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը: Նա նաև անկեղծացավ. «Այստեղ բոլորը կհամաձայնեն՝ չափազանց հաճելի էր ձեր զանգերին արձագանքելը, որովհետև մեր անունից հետո «ջան»-ից բացի որևէ մեկս այլ բան չի լսել: Երբ ասացիք՝ զայրացել եք, փորձեցի հիշել մի դեպք ու չհիշեցի: Ես միշտ ասում էի՝ նախարա՛ր ջան, մի քիչ զայրացի, այդքան բարի լինել չի՛ կարելի: Խոստանում էիք ու էլի չէիք անում»:

Պաշտոնը ստանձնելիս՝ մեկ ու կես տարի առաջ, Արմեն Ամիրյանը նախարարություն եկավ ծափերով ու հրաժեշտ տվեց ծափերի ներքո: