Բրիտանական Գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի դերում հանդես եկող դերասան Դենիել Քրեյգն իր հրաժեշտի խոսքն է ասել ֆիլմի նկարահանումների վերջին օրը, հաղորդում է The Daily Mail-ը:

Դերասանը լրտեսի դեր է կատարել 15 տարի։ Նա առաջին անգամ հայտնվել է «Կազինո Ռոյալ» ֆիլմում (2006): Ընդհանուր առմամբ՝ Քրեյգի մասնակցությամբ նկարահանվել է «Գործակալ 007»-ի մասին հինգ ֆիլմ, որոնցից վերջինը՝ «Մահանալու ժամանակը», այս տարվա հոկտեմբերին կհայտնվի մեծ էկրաններին:

Վերջին նկարահանումների ժամանակ Քրեյգը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր ներգրավված են Ջեյմս Բոնդի ֆիլմի ստեղծման գործում:

«Ես վաղուց եմ այստեղ և ձեզանից ոմանց հետ աշխատել եմ իմ կարիերայի մեծ մասի ընթացքում՝ արդեն գրեթե 30 տարի: Ձեզանից շատերն ինձ հետ աշխատել են հինգ ֆիլմի վրա»,-ասել է դերասանը:

Քրեյգը հայտարարել է, որ «վայելում էր այս ֆիլմերի յուրաքանչյուր վայրկյանը», հատկապես վերջին ֆիլմը: Նա խոստովանել է, որ իր համար շատ դժվար է հրաժեշտ տալ այն դերին, որի վրա աշխատել է այսքան տարի:

«Իմ «ծառայությունը» այս պաշտոնում արդեն ավարտվել է, բայց սա ավելի մեծ բանի սկիզբն է: Ես հետ եմ նայում ու ... իսկապես անկեղծորեն այդպես եմ կարծում: Հիշելով այս բոլոր ֆիլմերը՝ ես հպարտ եմ դրանցով: Եվ ես գիտեմ, որ մենք հիանալի աշխատանք կատարեցինք»,-ամփոփել է բրիտանացին: