Գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսի կարծիքով՝ Պենտագոնի պատասխանը կարող է լինել ոչ միջուկային, բայց դրանից ոչ պակաս կործանարար։ Կարող են ոչնչացվել Ղրիմում գտնվող ռազմական բազաները:
ԱՄՆ-ը Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկային զենքի կիրառմանը կպատասխանի ռուսական ռազմակայանների կամ Սևծովյան նավատորմի «ջախջախիչ հարվածով», նման նախազգուշացում է արել Եվրոպայում ԱՄՆ ուժերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը սեպտեմբերի 21-ին, հայտնում է The Daily Mail-ը։
Ամերիկայի պատասխանը կարող է միջուկային չլինել, բայց դա չի խանգարի ԱՄՆ ուժերին ոչնչացնել Ռուսաստանի Սևծովյան նավատորմը կամ Ղրիմի ռազմաբազաները:
Նման մեկնաբանությունը հաջորդել է ՌԴ նախագահի՝ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությանը` Ուկրաինայի տարածքներում ռազմական գործողությունները շարունակելու մասին։
Իր խոսքերն ուղղելով ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչներին՝ Կրեմլի ղեկավարն ասել է, որ կդիմի ցանկացած հասանելի միջոցի, այդ թվում՝ միջուկային զենքի՝ պաշտպանելու գրավված տարածքները։
Գեներալ Հոջեսը, ով 2014-2018 թվականներին ղեկավարել է Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերը, շատ քիչ հավանական է համարում Ուկրաինայի դեմ միջուկային հարվածի սպառնալիքը։ Սակայն, ըստ նրա, զանգվածային ոչնչացման զենքի ցանկացած կիրառման կհետեւի նախագահ Բայդենի արագ ու կոշտ պատասխանը։
Ըստ Հոջեսի՝ Պուտինը տեղյակ է, որ ԱՄՆ-ը կպատասխանի։
«Միգուցե ԱՄՆ պատասխանը չլինի միջուկային, բայց կլինի բավական կործանարար, օրինակ՝ կոչնչացվի Ռուսաստանի Դաշնության սևծովյան նավատորմը կամ ռուսական բազաները Ղրիմում», - բացատրել է Հոջեսը: «Ուստի ես կարծում եմ, որ Պուտինը և նրա շրջապատը չեն ցանկանում ուղիղ բախում Միացյալ Նահանգների հետ»։
Այնուամենայնիվ, ԱՄՆ պաշտոնաթող բրիգադային գեներալ Քևին Ռայանը կարծում է, որ Պուտինը կարող է հուսահատվել Խարկովի մարզում ռուսական զորքերի պարտությունից հետո և այս ֆոնին միջուկային զենքի դիմել՝ որպես վերջին միջոց։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության ողջ նավատորմը շուտով կհայտնվի Ուկրաինայի զինված ուժերի հրթիռների հասանելիության տակ։ Այժմ Ռուսաստանի ամբողջ Սևծովյան նավատորմը թաքնվում է թերակղզու հետևում, սակայն հակահարձակման մոտենալուն զուգահեռ Ուկրաինայի զինված ուժերը կհայտնվեն պաշտպանության համար ոչ շահավետ դիրքում։