Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումն Ուկրաինայում անհնար է, քանի որ դա չի համապատասխանում ռազմական հատուկ գործողության առաջադրանքներին։ Այդ մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցեւը, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Մեր կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման սցենարները հստակորեն շարադրված են ռուսական դոկտրինային փաստաթղթերում, դրանք կիրառելի չեն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջադրված խնդիրների իրականացման համար»,- ասել է նա։

Զայցեւը նաեւ ընդգծել է, որ Արեւմուտքից եւ Ուկրաինայից կարելի է ակնկալել ցանկացած տեսակի սադրանք։ «Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացումների մեդիադաշտում և ուղղակիորեն հենց տեղում»,- հավելել է նա։

«Ռուսաստանը հաստատակամորեն հավատարիմ է այն սկզբունքին, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն չպետք է սանձազերծվի», - ասել է Զայցևը։