ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Մայրենիի օրվա միջոցառումների շրջանակներում նախարարության աշխատակիցները, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի ղեկավարությամբ, փետրվարի 21-ին այցելել են Օշական և ծաղիկներ դրել Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, լեզվաբաններ, ուսուցիչներ և այլք:
Եկեղեցուն կից դպրատանը կայացել է Մայրենիի օրվան նվիրված միջոցառման գեղարվեստական մասը: Ողջունելով ներկաներին՝ սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Սրապիոնյանը նշել է, որ 2015թ. Մայրենիի օրվա տոնակատարությունը առանձնահատուկ խորհուրդ է ստանում նրանով, որ վերաիմաստավորվում են 100 տարվա հայապահպանության համար մեր ժողովրդի ներդրված բոլոր ջանքերը:
Նա, մասնաորապես, ասել է. «100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի ծրագրած և իրակնացրած ոճրագործությունը՝ ոչնչացնել հայ ժողովրդն ու նրա մշակույթը, ձախողվեց, որովհետև հայրենազրկvած հայության միակ կռվանը, որ հրաշքով փրկվածները կարողացան տանել իրենց հետ, շատ զորավոր էր, և դա մեր մայրենին էր: Այդ գիտակցությամբ էր մեր մեծերից մեկը՝ ֆրանսիահայ գրող Շահան Շահնուրը ահազանգում. «Կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն, մեղա, մեղա Արարատին»: Նրա տագնապը հիմնավոր էր, քանի որ Պետրոսը դառնում էր Պիեռ, իսկ «Հայր մերը» հնչում էր ֆրանսերեն:
Այսօր Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի և նախարարության շնորհիվ մի ամբողջ շարժում է սկսվել՝ հանուն Մայրենիի պահպանության և հարատևման. «Խոսի՛ր հայերeն, աղոթի՛ր, երգի՛ր հայերեն», քանի որ դա է մեր հարատևման առհավատչյան և Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի մհիշատակի առջև մեզանից յուրաքանչյուրի պարտքը»:
Ներկաներին ողջունել է նաև Սերգո Երիցյանը: Նա իր երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նախանձախնդիր են հայոց լեզվի պահպանման և տարածման գործում: Լեզվի տեսչության պետը բարձր է գնահատել Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ արդեն ավանդական դարձած Մայրենիի օրվա միջոցառումների իրականացումը և Հայաստանում ու Սփյուռքում կյանքի կոչած այն բազմաթիվ ծրագրերն ու ձեռնարկները, որոնք նպաստում են մայրենի լեզվի պահպանմանն ու տարածմանը:
Ներկաների վրա առանձնահատուկ տպավորություն է գործել Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի այլազգի՝ արաբ, հնդիկ և պարսիկ ուսանողների հայերեն ասմունքն ու խոսքը:
Հայոց լեզվին նվիրված ասմունքով և երգով հանդես են եկել սիրիահայ պատանիներն ու աղջիկները: Տոնական միջոցառմանը մասնակցել են նաև Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոցի սաները:
Այնուհետև միջոցառման մասնակիցները այցելել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ' Մատենադարան և ծաղիկներ դրել Մ. Մաշտոցի արձանի մոտ: Հայոց այբուբենին նվիրված ասմունքով հանդես եկան Մ. Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի սաները:
1999թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենիի միջազգային օր, որը 2005 թվականից իր արժանի տեղն ունի ՀՀ պետական տոնացույցում: