Ռուսատանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները Երևանում քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերից մինչև երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա խորացման հարցեր: Այս մասին Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Սերգեյ Լավրովը:
«Հայաստանի հետ մեր հարաբերությունները հիմնված են ռազմավարական գործընկերության վրա, որոնք հիմնվում են բարեկամության դարավոր ավանդույթի, բարիդրացիական և փոխօգնության կապերի վրա: Դրանում մենք տեսնում ենք մեր պետությունների զարգացման և տարածաշրջանային կայունության համար բարենպաստ պայմաններ:
Այսօր մենք քննարկեցինք մի շարք պայմանավորվածություններ, որոնք ձեռք են բերվել 2013 թվականին Ռուսաստանի նախագահի' Երևան այցելության և մեր երկու երկրների նախագահների' մայիսի 8-ին ՀԱՊԿ միջոցառումների անցկացման շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ:
Համաձայնեցրեցինք մեր քայլերը երկկողմ խողովակներով, ինչպես ԱՊՀ, այնպես ՀԱՊԿ շրջանակներում հիշատակի միջոցառումների առումով, որոնք վերաբերում են Առաջին համաշխարհային պատերազմի և Մեծ Հայրենական պատերազմի տարելիցներին: Ռուսաստանն ու Հայաստանը պետք է ակտիվորեն մասնակցեն այդ միջոցառումների անցկացմանը:
Մենք մաշտնանշեցինք տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի դինամիկ աշխատանքը: Համապատասխան հանձնաժողովն աշխատում է նաև ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ: Վերջերս Նիժնի Նովգորոդում կայացավ Ռուսաստանի Պետական Դումայի և Հայաստանի Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը: Հուլիսի սկզբին Մոսկվայում մենք սպասում ենք Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանին: Մենք ելնում ենք նրանից, որ միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու ծավալումը կարող են նպաստել հետագա հարաբերությունների զարգացմանը: Մենք դրանում հետաքրքրված ենք:
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճը տարեկան կազմում է 10 տոկոս: Ռուսական կապիտալի ներդրումը հայկական տնտեսության մեջ կազմում է ավելի քան 3 միլիարդ դոլար: Հայաստանում աշխատում են ռուսական բիզնեսի լիդերներ' «Գազպրոմ» ԲԲԸ , «ՎՏԲ» ԲԲԸ, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ և այլն:
Հայաստանի հետ տնտեսական և մշակութային կապերում ներգրավված են 70 սուբյեկտներ Ռուսաստանի Դաշնությունից: Դա ևս մեկ անգամ հաստատում է, թե որքան սերտ ենք մենք համագործակցում:
Այսօր դիտարկել ենք Հայաստանի' եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին միանալու հարցերը: Ռուսաստանն ակտիվորեն դա պաշտպանում է: Քննարկել ենք համագործակցությունը տարբեր միջազգային կազմակերպություններում, ներառյալ' ՄԱԿ, ՀԱՊԿ, Եվրոպայի խորհուրդ, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն, ինչպես նաև ՀԱՊԿ-ի և ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական գործողությունների ուղղությամբ կոորդինացիա և խոհրդատվություն:
Բնականաբար, անդրադարձել ենք Ուկրաինայի իրավիճակին: Մենք ելնում ենք կրակն անմիջապես դադարեցնելու այլընտրանք չունեցող տարբերակից, որի մասին ոչ միայն պետք է հայտարարել, այլ իրագործել պրակտիկայում, իսկ ամենագլխավորը' Ուկրաինայում սկիզբ դրվի համազգային երկխոսությանը, որին կմասնակցեն բոլոր շրջանները' ապահովելով Ուկրաինայի բոլոր քաղաքացիների իրավունքների ու շահերի պաշտպանությունը:
Ռուսաստանը, ինչպես նաև Հայաստանը ներկայում ջանքեր են ձեռնարկում այդ բանակցային գործընթացի շուտափույթ սկսման համար: Ռուսաստանը դրանում դնում է անմիջական ներդրում' չունենալով աշխարհաքաղաքական նպատակներ: Անկասկած, մեզ համար առաջնահերթ է մարդկանց կյանքը փրկելու հարցը, այդ թվում' ռուս լրագրողների, ովքեր շարունակում են մահանալ այնտեղ:
Դիտարկել ենք հարցեր, որոնք կապված են Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում տեղի ունեցող դեպքերի հետ: Սիրիան ու Իրաքը երկրներ են, որոնք լուրջ հետաքրքրություն են ներկայացնում մեր ռուս և հայ հայրենակիցների համար, և, իհարկե, մենք ուզում ենք, որ այնտեղ կրկին տիրի խաղաղությունն ու հանգստությունը: Բայց այժմ այդ ամենը շատ հեռու է: Դժբախտաբար, ահաբեկչական սպառնալիքը ծավալվում է, որը հաստատում է այն բանի կարևորությունը, որ նման իրավիճակներում չպետք ամեն գնով դնել գործող ռեժիմի փոփոխության արհեստական հարցը, այլ ցանկացած հակամարտության ժաման ակ մտածել մարդկանց ճակատագրի, նրանց անվտանգության, անմեղ ու խաղաղ բնակչության մահվան դեմն առնելու մասին:
Եթե մենք ելնենք սրանից, կհասկանանք, որ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում գլխավոր վտանգն ահաբեկչությունն է: Դա վերաբերում է Սիրիային, Իրաքին, Լիբանանին, Եմենին և այլ երկրներին, ուր փորձում են ներթափանցել «ահաբեկչական խմբավորումները»: Եթե մենք բոլորս հաստատենք հակաահաբեկչական ջանքեր գործադրելու կարևորությունը և միավորվենք արդյունավետ գործելու նպատակով, համոզված եմ, որ հակամարտությունների քաղաքական կարգավորումը կլինի ավելի հեշտ:
Քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման: Ռուսաստանը ինչպես երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, այնպես էլ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, կողմ է հակամարտության շուտափույթ կարգավորմանը: Մենք ելնում ենք նրանից, որ այդ խնդրի լուծման հիմքը գոյություն ունի: Ես նկատի ունեմ այն սկզբունքները, որոնք շեշտադրվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարություններում վերջին չորսից հինգ տարիներին: Հիմա գլխավորը այդ սկզբունքները պրակտիկորեն կյանքի կոչելու ուղիների և հաջորդական քայլերի մշակումը հ ամաձայնեցնելու մեջ է: Աշխատում է համանախագահների եռյակը: Ռուսական կողմը որպես համանախագահող երկրներից մեկը կձգտի 2013-ի վերջին թարմացված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ուղղակի երկխոսության շարունակությանը' նպաստելով կարգավորման մնացած հարցերում լուծումներ գտնելուն:
Մենք գոհ ենք բանակցությունների արդյունքներով: Շնորհակալություն եմ հայտնում հայկական կողմին ավանդական հյուրասիրության համար: Սպասում ենք Էդվարդ Նալբանդյանի հաջորդ այցին Մոսկվա»,-ասաց Լավրովը:
Հունիսի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները բանակցություններ են վարել Երևանում: Սերգեյ Լավրովին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: