Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սոչիում հանդիպեց ՌԴ իր գործընկերոջը՝ Դմիտրի Մեդվեդևին:

 

Ինչպես Սոչիից փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ողջունելով Հովիկ Աբրահամյանին՝ Դմիտրի Մեդվեդևը նշեց, որ այս այցը հնարավորություն է տալիս քննարկելու ռուս-հայկական հարաբերությունների լայն շրջանակ' սկսած ներդրումային գործընթացներից, վերջացրած առևտրատնտեսական և հումանիտար բնագավառներում համագործակցությունից: «Մեր երկրներն ունեն դաշնակցային հարաբերություններ և այդ մասին խոսելու հարկ էլ չկա: Սրտանց Ձեզ ողջունում եմ Սոչիում»,- ասաց Մեդվեդևը:

 

Իր հերթին, Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Դմիտրի Մեդվեդևին հրավերի և տարբեր հարցերի շուրջ մտքեր փոխանակելու հնարավորության համար: «Կարծում եմ՝ կկարողանանք մեր առանձնազրույցում արդյունավետ քննարկել մեզ հետաքրքրող հարցերը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

 

Հանդիպումից հետո երկու երկրների վարչապետերի պատվին տրվել է աշխատանքային ճաշ: