Ադրբեջանի զինված ուժերը պաշտպանության նախարարության Գարահեյբաթ հրաձգարանում համազորային զինավարժանքներ են անցկացնում: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը:

 

Զինավարժանքներին մասնակցում են Պնախարարության, Պետական սահմանային ծառայության եւ Ներքին զորքերի զինծառայողները: Զինավարժանքների ընթացքին հետեւում են Ադրբեջանի նախագահը եւ բարձրագույն սպայական կազմը: Զինավարժանքներում փորձարկվում են վերջին տարիներին Ադրբեջանի կողմից ձեռք բերված զենքերն ու սպառազինությունը:

 

Զինավարժանքներից առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը «Ազերբայջան» թերթին տված հարցազրույցում հանդես է եկել «ադրբեջանական բանակի մարտական ոգին եւ պատրաստվածությունը թույլ է տալիս հաղթել թշնամուն», «մենք ի վիճակի ենք Հայաստանի տարածքում վերացնել ցանկացած ռազմական օբյեկտ կամ բնակելի կետ» ներքին լսարանին ուղղված անհեթեթ հայտարարություններով: Եվ դա հայտարարում է մի բանակի հրամանատար, ով, ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները, անգամ չի կարողանում ճիշտ զինվորական պատիվ տալ եւ ամեն անգամ խայտառակվում է արտասահմանյան ընդունելությունների ժամանակ:

 

Ուշագրավ է նաեւ, որ Զաքիր Հասանովը կրկին հորդորել է հայրենի ԶԼՄ-ներին հաղորդագրություններում չնշել զորամասերի տեղակայման վայրերը, զինծառայողների անունները, պաշտոնները, կոչումները, զորքերի տեղաշարժի մասին եւ այլ տվյալներ: «Լավ կլիներ, որ մամուլի ներկայացուցիչները այդ հարցերին վերաբերվեին ազգային շահերի պաշտպանությունից ելնելով եւ քաղաքացիական դիրքորոշում ցուցադրեին», -ասել է Զ.Հասանովը: