Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերը ծրագրում են մոտ ժամանակում համատեղ զինավարժանքներ անցկացնել: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը' հղում կատարելով զինվորական աղբյուրների:
Զինավարժանքները, որոնցում Ադրբեջանը մասնակցելու է գումարտակների, իսկ Թուրքիան' վաշտերի մակարդակով, անցկացվելու են երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում:
Զինավարժանքների անցկացման նպատակը Թուրքիայի եւ Ադրբեջանի ԶՈւ միջեւ բարեկամության, համագործակցության եւ համատեղ գործունեության զարգացումն է: Զինավարժանքներն անցկացվելու են շտաբային եւ դաշտային պայմաններում: Դրանց անցկացման հստակ ժամկետը հայտնի չէ:
Ընթացիկ տարվա հունվարին երկու երկրների ԶՈւ մասնակցությամբ Թուրքիայում անցկացվել են «Զմեռ 2014» զինավարժանքները: