Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հանրային մեծ հնչեղություն ստացան հայկական պատմամշակութային ժառանգություն հանդիսացող Գառնու հեթանոսական տաճարի, Զվարթնոցի և Աֆրիկյանների շենքի պահպանության շուրջ ծավալված տհաճ միջադեպերը: Ուշադրության կենտրոնում հայտնվեց երկրում տարվող մշակութային քաղաքականությունը' դրա ուղղությունը և բնույթը:

 

Հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանի կարծիքով, մշակույթի հանդեպ նման անհարգալից վերաբերմունքն առաջին հերթին հայ հասարակության ապազգայնացման և մշակութային արժեքների արհեստական կարևորման արդյունք է: «Մենք շատ մեծ խնդիրներ ունենք ազգային կրթության բարելավման հարցում, իսկ ապազգային հասարակությունում ամեն տեսակ աննորմալ» երևույթներ կարող են տեղի ունենալ:

 

Հասարակությունը, որի ապրելու գերակա արժեքը հայրենիքը չէ, չի կարող առողջ լինել: Հայաստանը չունի մշակութային քաղաքականություն, քանի որ չունի ազգային հասարակություն: Մենք հիմա արհեստականորեն կարևորում ենք մշակույթը, մշակութային քաղաքականությունը, բայց խորքում ոչինչ չկա: Արդյունքում չենք գիտակցում, թե ինչ ներքին և արտաքին մշակութային քաղաքականություն է հարկավոր վարել: Տարածաշրջանում էլ մեր վիճակն անմխիթար է: Այն քանակի մշակութային կորուստներ, որ հիմա արձանագրում ենք հարևան երկրներում, երբևէ չի եղել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը' հավելելով, որ խնդիրը պետք է լուծել կրթության միջոցով:

 

Նրա խոսքով, դեռ մանկապարտեզի տարիքից երեխաներին պետք է «զինել» մշակութաբանական գիտելիքներով, որի պատասխանատվությունը մեծ մասամբ ընկած է Կրթության և Մշակույթի նախարարությունների ուսերին:

 

«Չես կարող սրբազան հայրենիքդ խոզանոցի վերածել, բայց փայլուն պահել պատմական հուշարձանները: Մեր պատմական հայրենիքից խորթացած ենք: Մենք այսօր չունենք քաղաքամայր Երևանը սիրող երևանցիներ»,- նշեց հուշարձանագետը:

 

Այսօր հասարակական հնչեղության հարց է Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը: Աֆրիկյանների շենքի' իր տեղում պահպանման համար պայքարող մի խումբ ակտիվիստներ պայքարում են ապամոնտաժումն արգելելու համար: Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական տեսակետի համաձայն, շենքն ընդգրկված է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում, միեւնույն ժամանակ տարածքը կառավարությունը ճանաչել է հանրային գերակա շահ եւ վաճառել մասնավորին: Վաճառքից հետո հուշարձան-շինության քարերը համարակալվել են, եւ ապամոնտաժումից հետո շենքն իր տեղն է գտնելու Հին Երեւան նախագծում:

 

Վերջերս ԶԼՄ-ներում և սոցցանցերում լայնորեն շրջանառվում էր տեղեկությունը, որ Զվարթնոցի պատմամշակութային արգելոց-թանգարանում և Գառնու տաճարում անցկացվել են մասնավոր խնջույքներ: