Մայրաքաղաքում հուլիսի 13-20-ն անցկացվելիք «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի ևս կհամագործակցի Հայաստանի Հանրապետությունում մի շարք օտարերկրյա դեսպանությունների հետ: Այս անգամ փառատոնային մի շարք նախաձեռնություններ կիրականացվեն ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Լեհաստանի Հանրապետության և ԱՄՆ դեսպանությունների հետ: Տասնմեկ տարվա պատմություն ունեցող «Ոսկե ծիրան» կինոտոնը կմեկնարկի մի քանի շաբաթից:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը հունիսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսում կարևորեց դեսպանությունների հետ համագործակցությունը: «Դեսպանություններն աջակցում են «Ոսկե ծիրան»-ի ծրագրերին: Այս տարի ևս հետաքրքիր ծրագրեր ենք ունենալու: Նախատեսում ենք ներկայացնել գերմանական նոր կինոն, ընդգրկուն ցուցադրել ֆրանսիական կինոն, ինչպես նաև լեհական ֆիլմերը: Առանձին տեղ կգրավի նաև հայ-թուրքական կինոպլատֆորմը»,- ասաց Սուսաննա Հարությունյանը:
ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը նշեց, որ անհամբերությամբ և հուզմունքով է սպասում փառատոնի բացմանը: «Այս փառատոնը հիասքանչ իրադարձություն է ոչ միայն Հայաստանում, այլև մեծ կարևորություն ունի նաև տարածաշրջանում: Հայաստանը կինոփառատոնի շնորհիվ բարձր հեղինակություն է ձեռք բերել աշխարհում: Շատ ուրախ ենք, որ փառատոնին հենց սկզբից մասնակցում են գերմանացի ռեժիսորները և որ այս տարի ևս գերմանական ֆիլմերը կներկայացվեն փառատոնին»,-նշեց Մորելը: ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ և Գյոթե ինստիտուտի աջակցությամբ փառատոնը նախաձեռնել է Նոր գերմանական կինո ծրագիր, որի շրջանակում կներկայացվեն վերջերս ստեղծված գերմանակական ֆիլմերը:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մի ամուր կկապ է ստեղծվել կինոյի շնորհիվ:
«Մեկ այլ կարևոր պատճառ կա, որն իմ ուրախությունն է: Հուլիսի 14-ին մենք նշում ենք Ֆրանսիայի ազգգային տոնը: Ֆրանսիան նմանատիպ մշակութային միջոցառումներին աջակցելու շատ մեծ ցանկություն ունի՝ ապահովելով ֆրանսիական կինոյի կարկառուն ներկայացուցիչների ներկայությունը Հայաստանյան կինոփառատոնին: Այս տարի նախատեսված է 17 ֆիլմերի ցուցադրություն»,-նշեց Անրի Ռենոն: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ արդեն ավանդույթ դարձած համագործակցության շրջանակում հնարավոր կլինի տարբեր մրցույթների ժյուրիի կամում տեսնել դերասանուհի Աննա Մուգլալիսին, կինոքննադատ Ժան-Քրիստոֆ Ֆերարին, պրոդյուսեր Ռոն Դյենին: Բացի այդ, Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ իրականացվելու են հռչակավոր ռեժիսորներ Ամոս Գիտայի և Օթար Իոսելիանիի հետահայաց ցուցադրությունների ծրագրերը: Համագորակցությունը հնարավոր է դարձրել Ժան Լյուք Գոդարի ֆիլմի երևանյան պրեմիերան:
ՀՀ-ում Լեհհաստանի Հանրապետության դեսպանության առաջին խորհրդական, քաղաքական բաժնի ղեկավար Ռոբերտ Ռոկիցկին ընդգծեց, որ փառատոնն իսկապես մեծ հեղինակություն ունի աշխարհում: «Այս տարի ևս լեհական կինոգործիչների կողմից բավականին ծավալուն ներկայություն կլինի, բայց կենտրոնական իրադարձությունը լեհական կինոյի օրն է, որի շրջանակում Հայաստան կգա աշխարհահռչակ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին, ով կինոփառատոնի ընկերն է: Զանուսին այստեղ կնշի իր հոբելյանը, ինչ պես նաև կստանա կաթողիկոսի «Եղիցի լույս» մրցանակը: Զանուսիի արվեստն առանձնանում է հոգևոր նշանակությամբ»,-նշեց Ռոկիցկին:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի գործող ղեկավար Վիոլետա Տալանդիսն ընդգծեց, որ դեսպանությունը յոթերորդ տարին է՝ փառատոնի հետ է: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջացությամբ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում իրականացվում է Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը, որն այս տարի կանցկացվի հուլիսի 14-16-ը: Լավագույն նախագիծը կարժանանա 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևի:
Նախորդ տարիների նման, այս տարի ևս փառատոնը կմեկտեղի Երևանում համաշխարհային կինոարվեստի և, մասնավորապես, հեղինակային կինոյի ինչպես վերջին տարիների, այնպես էլ նախորդ տասնամյակում ստեղծված լավագույն ֆիլմերը և նշանավոր ներկայացուցիչներին: Փառատոնի այս տարվա մեկնարկը նվիրված է համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90 –ամյա հոբելյանին: «Ոսկե ծիրան»-ի շրջանակում տեղի կունենան անվանի ռեժիսորի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաև կներկայացվեն Փարաջանովին նվիրված ֆիլմեր' ստեղծված տարբե ր տարիներին:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին' «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխ ավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ'մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։