«Հրապարակ» օրաթերթը ամենաթողության դրսևորումներ է ցուցաբերում' անտեսելով պատշաճության ու մասնագիտական էթիկայի բոլոր կանոններն ու սահմանները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, հարկ չեն համարել անդրադառնալ դեռ հունիսի 13-ի համարում տեղ գտած «Կհասցնի՞ ՁԻԱՀ-ի օրը շնորհավորել» «քերթողությանը», քանզի այն ոչ այլ ինչ էր, քան կառավարության անդամին առանց հիմնավորումների ու փաստերի միտումնավոր վարկաբեկելու փորձ։ ՀՀ առողջապահության նախարարի ակտիվ գործելաոճի, պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի մասին լրագրողի անձնական «կարծիքը», մեղմ ասած, խիստ սուբյեկտիվ, չհիմնավորված, անառողջ և անհիմն քննադատություն էր: «Ի դեպ, սույն հրապարակումից հետո նախարարություն էին զանգահարում բազմաթիվ բժիշկներ, քաղաքացիներ, այդ թվում' լրագրողներ ու արվեստագետներ, և ի րենց վրդովմունքն արտահայտելով հորդորում էին հանդես գալ պատասխան հրապարակումով»,-նշված է ծառայության հաղորդագրության մեջ։

 

Հունիսի 27-ի համարում տեղ է գտել հերթական տգեղ դրսևորումը' «Բժի՞շկ են, թե՞ փինաչի» հրապարակումը, որի առթիվ նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է իր դժգոհությունը։ «Ցանկացած լրագրող և անգամ շարքային ընթերցող կհասկանա, որ նախարարի լուսանկարը նրա անձի և գործունեության հետ ամենևին առնչություն չունեցող հոդվածի և այն էլ' նշված վերնագրի կողքին տպագրելը եթե չասենք' միտումնավոր սև PR է, ապա հրապարակման նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու փորձված, բայց անազնիվ հնարք է։ Սա մենք գնահատում ենք նախարարության կողմից իրականացվ ող աշխատանքների, բարեփոխումների վրա ստվեր գցելու, դրանք ձախողելու փորձ, մարդկանց ուշադրությունը այդ ամենից շեղելու հերթական հատուկ նպատակ: Մինչդեռ կարևորագույն այս ոլորտում բարեփոխումների իրականացմանը պետք է որ նպաստեն բոլորը, և ոչ թե խանգարեն: Ի դեպ, հրապարակման հեղինակ Սևակ Հակոբյանը, որ բարձրաձայնում է առողջապահական համակարգի խնդիրների' մասնավորապես մարզերում որակյալ կադրերի սակավության խնդրի մասին, ևս մեզ հետ զրույցում ճիշտ չհամարեց սույն հոդվածի հետ առողջապահության նախարարի նկարը տպագրելը։ Արմեն Մուրադյանն առողջապահության ոլորտի գլխավոր կազմակերպիչն է' պատասխանատուն, սակայն նրա լուսանկարի նման հրապարակումն ակնհայտորեն հետապնդում է ընթերցողին թյուրիմացության մեջ գցելու անթաքույց ձգտում: Մեր գնահատմամբ' անթույլատրելի և էթիկապես անընդունելի է նյութում օգտագործել այն անձի լուսանկարը, ով ավելի քան երկու տասնամյակ է զբաղվում է պրակտիկ բժշկությամբ, փրկել է բազմաթիվ մարդկանց կյանքեր: Մենք ակնկալում ենք լրատվամիջոցներից էթիկական համապատասխան վարքագիծ, հարգանք' հորդորելով հիմնվել միայն փաստերի, բարեխղճության, հանրային շահ հետապնդելու ձգտման վրա:

 

Շնորհակալ ենք բոլոր այն լրատվամիջոցներին, որոնց հրապարակումները պարունակում են կառուցողական առաջարկներ, առողջ քննադատություն, ոլորտի դրական փոփոխություններին նպաստելու ձգտում, ոչ թե վիրավորանքի ենթախորք և անհիմն քննադատություն»,-նշված է հաղորդագրության մեջ: