Օրեր առաջ ԼՈՒՐԵՐ.com-ը հոդված էր հրապարկել՝ «Ում թելադրանքով է Արսեն Թորոսյանը բացահայտ ստում լրատվամիջոցներին» վերտառությամբ: Հոդվածում հստակ շարադրված փաստերի, կողմերի ներկայացրած տվյալների համադրության հիման վրա ապացուցել էինք, որ Առողջապահության նախարարությունը թերի տեղեկատվություն է տրամադրել լրատվամիջոցին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ՌԴ տրամադրած օգնության վերաբերյալ: Ինչպես և սպասվում էր, հոդվածի հրապարակմանը հետևեց Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանի արձագանքը: Ասել, որ այդ արձագանքը համաչափ չէր՝ նշանակում է ոչինչ չասել, խոսնակը հոդվածի հեղինակին մեղադրեց ոչ ավել, ոչ պակաս՝ մանիպուլյացիաների դիմելու մեջ: Նման մեղադրանքը, մեղմ ասած, զավեշտալի է, քանի որ մանիպուլյացիան ենթադրում է փաստերի բացակայություն կամ դրանց կամայական մեկնաբանություն՝ ի շահ կողմերից մեկի, մինչդեռ մեր հոդվածում մենք առաջնորդվել ենք միմիայն հանրությանը փաստերի վրա հիմնված օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու մեր պարտավորվածությամբ, ասել է թե՝ հանրային շահով:
Նախարարության և ՌԴ դեսպանատան ներկայացրած տվյալներում խիստ տարբերվում էին, օրինակ, որպես օգնություն տրամադրած ռեագենտների թիվը: Դեսպանատունը նշել էր շուրջ 53 հազար 500 ռեագենտ, մինչդեռ նախարարության տրամադրած պաշտոնական պատասխանում, որը կցված էր հոդվածին, նշված է եղել մեկ թիվ՝ 1570 ռեագենտ, չափման միավորը՝ հավաքածու: Խոսնակը մանիպուլյացիա է անվանում մեր այդ համեմատությունը, պնդելով, որ ռեագենտների ամեն հավաքածուն իր մեջ ներառում է 100 ռեագենտ, և մենք ինքներս պետք է պարզ հաշվարկ կատարեինք, որի արդյունքում կհասկանայինք, որ տվյալները չեն տարբերվում ՌԴ դեսպանատան ներկայացրած տվյալներից: Հետաքրքիր է, թե որտեղի՞ց լրագրողը պետք է տեղյակ լինի, թե որքան թեստ, ռեագենտ է պարունակում մեկ հավաքածուն, եթե պատասխանը կազմողը հարկ չի համարել այդչափ մանրանալ և նման մանրամասներ զետեղել պաշտոնական պատասխանի մեջ: Գուշակությունը բնորոշ չէ լրագրողի մասնագիտությանը և միանշանակ անշնորհակալ գործ է, և դա է պատճառը, որ մենք հիմնվել ենք բացառապես երկու կողմերի ներկայացրած տվյալների համադրության, համեմատության վրա և այդ համադրության արդյունքում վեր ենք հանել փաստեր, որոնք ինչ-ինչ, գուցե նաև հասկանալի պատճառներով չեն բխում Առողջապահության նախարարության և անձամբ նախարարի շահերից:
Թե ինչ պատճառներով է ներկայացվել թերի տեղեկատվություն, որը հետագայում պոստ ֆակտում լրացվել է խոսնակի կողմից՝ դա հարցի մյուս, շատ ավելի նուրբ կողմն է: Պոստ ֆակտում էլ խոսնակը որոշել էր այդ նույն գրառման մեջ շնորհակալություն հայտնել օգնություն տրամադրած բոլոր երկրներին: Դժվար է ասել՝ Ալինա Նիկողոսյանի հիմնավորումնե՞րն էին սպառվել, և դա՞ էր մեղադրանքներից սահուն լիրիկական զեղման անցնելու պատճառը, թե Առողջապահության նախարարությունում պարզապես ընդունված է իրադարձություններին արձագանքել զգալի ուշացմամբ և հանրության, լրատվամիջոցների ամոթանքից հետո՝ կորոնավիրուսի դեմ պայքարն էլ ասվածի ամենավառ վկայությունն է:
Կասկած չկա, որ, եթե սույն օգնությունը տրամադրված լիներ, օրինակ, ԱՄՆ-ի կողմից՝ հաշվի առնելով նախարար Թորոսյանի սերտ կապը սորոսական շրջանակների հետ՝ լրատվամիջոցներին տրամադրած տեղեկատվության մեջ զետեղված կլիներ ոչ միայն հավաքածուներում առկա թեստերի քանակը, այլ նաև այդ թեստերի, ռեագենտների գործարանային համարները՝ հառ առ հատ: Ցավում ենք, որ նախարարությունը օգնություն տրամադրած երկրներին շնորհակալ լինելու փոխարեն, դեռ մի բան էլ բացահայտ թերագնահատում է այդ օգնությունը: Հորդորում ենք լրատվամիջոցների և հանրության հետ շփվելիս՝ այսուհետ հրաժարվել ոչ թափանցիկ աշխատելու արատավոր պրակտիկայից: