Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կարևոր խնդիրներից է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդյունավետ գործունեությունն ապահովող անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը: Հանձնաժողովի առաջնահերթ խնդիրներից է օրենսդրական նոր դրույթների կենսագործումը, այդ թվում' հայտարարագրերի տվյալների արժանահավատության ստուգումը, հայտարարագրերին առնչվող խախտումների համար գործընթացների իրականացումը: Ըստ այդմ հանձնաժողովը պարեբարաբար ներկայացնում է այն պաշտոնյաների ցանկը, ովքեր մոռանում են հանրությանը ներկայացնել սեփական եկամուտները և դրանց ծագման աղբյուրները:
Դրանց թվում է օրինակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ով 2020 թվականի հայտարարագիրը ներկայացրել է ուշացումով:
Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ով հաճախ է խոսում մանիպուլյացիաներից, սակայն, չգիտես ինչու, մոռանում է թափանցիկ աշխատելու մասին:
Լոռու մարզպետի նախկին տեղակալ Գայանե Մարկոսյանը նույնպես, ըստ հանձնաժողովի, չի ներկայացրել իր հայտարարագիրը:
Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանն էլ է թերացել այս հարցում:
Վայոց Ձորի մարզպետի նախկին տեղակալ Արայիկ Մուրադյանը նույնպես ժամկետների խախտումներով է ներկայացրել իր հայտարարագիրը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Գնել Հասրաթյանը, ըստ հանձնաժողովի պաշտոնական կայքի, նույնպես ժամկետների մեջ չի տեղավորվել;
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Գոռ Միքայելյանը ևս թերացել է:
Տավուշի մարզպետի նախկին տեղակալ Թաթուլ Ստեփանյանը նույնպես թափանցիկ չէ գործել:
Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չի ներկայացրել 2021 թվականի հայտարարագիրը:
2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը ստանձնել է առողջապահության նախարարի պաշտոնը։ Մինչ այդ, Ավանեսյանը ԱՆ փոխնախարարն էր և ազատված էր պաշտոնը ստանձնելու հայտարարագիր ներկայացնելու պարտականությունից։ Անահիտ Ավանեսյանը, սակայն, ուշացումով է ներկայացրել 2020 թ-ի տարեկան հայտարարագիրը։
Նշված անձինք խախտել են «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածը, որով սահմանված են հայտարարագրման ժամկետները։ Օրենքի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Սակայն, որևէ սանկցիա չի հետևել, հասկանալի է իհարկե, որ տվյալ պաշտոնյաների մի մասը արդեն իսկ թողել է պաշտոնը, սակայն հենց այս պաշտոնյաներն են իրենց ոչ թափանցիկ աշխատելաոճով ստվեր գցել Փաշինյանի կոռուպցիայի դեմ պայքարի վրա, և հենց Փաշինյանը պետք է շահագրգռված լիներ, որպեսզի վերջիններս առնվազն տուգանվեին, եթե ոչ ավելի խիստ պատժի արժանանային՝ հանրությունից գաղտնիքներ ունենալու համար...