Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ հատուկ նիստում բացահայտեց, որ պատգամավորներից մեկի նկատմամբ գործ է քննվում, նա անցնում է կաշառքի գործով: Փաշինյանը չհնչեցրեց պատգամավորի անունը: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ շարունակվում է պայքարը կոռուպցիայի դեմ, Մարտի մեկի բացահայտումը: Նա մարդկանց հորդորեց հոգեբանորեն պատրաստվել բացահայտումների ողջ ծավալին, որովհետև հեշտ չի լինելու իմանալ այն ամենը, ինչը իրականացվել է Հայաստանում: 

Իհարկե, գալիք մեկ ամսվա ընթացքում իշխանությունների առջև լուրջ խնդիր է դրված՝ պահպանել էյֆորիայի մակարդակը: Ինչպես երևում է` այս հարցում իշխանությունները հեծանիվ չեն պատրաստվում հորինել՝ մեզ սպասվում է աղմկոտ բացահայտումների նոր շարք: Ժամանակին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ իրավապահների ձեռքում է 350 անձանցից կազմված ցանկ՝ մարդիկ, ովքեր թաքցրել են հարկերը: Չի բացառվում, օրինակ, որ տվյալ ցանկը հրապարակվի հենց մոտակա օրերի ընթացքում, ևս մեկ ինտրիգ է այն, թե որ պատգամավորի գլխին է դամոկլյան սրի պես կախվել կալանավորման վտանգը: Մի բան ակնհայտ է, որ այդ պատգամավորը Հանրապետական կուսակցությունից է և բնավ էլ ոչ վերջին դեմքը ֆրակցիայիում: Հասկանալի է նաև, որ այդ պատգամավորի կալանավորումը դեպի խոշոր ձկները տանող թել է լինելու: Իրավապահները կարող են ի վերջո նաև ավետել, թե ով էր կանգնած հայտնի գաղտնալսման հետևում՝ ակնարկներ եղել են, որ տվյալ անձը հանրությանը քաջ ծանոթ է:

 

Հարցը, սակայն, հետևյալն է` որքա՞ն երկար իշխանություններին կհաջողվի ժողովրդին կերակրել միայն տեսարաններով, իսկ հաց՝ չկա: Հաց չլինելու մասին է վկայում տնտեսական աճի կտրուկ դանդաղումը, պետական ապարատին սպառնացող կրճատումները, գործազրկության մակարդակի ավելացումը: Հասկանալի է, որ բռնոցի խաղալով, էյֆորիան երկար չես պահի, անգամ եթե անչափ էպոտաժային կերպով կալանավորվեն նախկին համակարգի բոլոր ներկայացուցիչները: Պատճառը պարզ է. առգրավված գումարները չեն մտնում պետական բյուջե և որևէ կերպ չեն նպաստում քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը: Ընդ որում, ընտրություններից հետո այդ իրավիճակը միանգամից չի շտկվելու, քանի որ հացի ապահովման համար անհրաժեշտ է առնվազն մշակված տնտեսական ռազմավարություն, որն այս պահի դրությամբ մեր երկիրը չունի...

Ս.Խաչատրյան