ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է 2016 թվականի կրոնական ազատության մասին զեկույցը, որտեղ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանին։
 
«Սահմանադրությունը յուրաքանչյուրին տրամադրում է մտքի, խղճի և կրոնական ազատության իրավունք։ Դավանանքի ազատության մեջ սահմանդրությունը գծանշում է տարանջատում պետության ու կրոնական կազմակերպությունների միջև։ Դա ճանաչում է Հայ առաքելական եկեղեցին՝ որպես ազգային եկեղեցի և ազգային ինքնության պահապան։ Քրիստոնյա փոքրամասնական կրոնական խմբերն ունեցել են պաշտամունքի ազատություն, սակայն որոշ քրիստոնյաներ ասում են, որ իրենք կրոնը զգուշավոր կերպով դավանելու անհրաժեշտություն են զգացել։ Քրիստոնյա փոքրամասնական կրոնական խմբերի և ՀԿ-ների հաղորդմամբ՝ մամուլում ընդհանուր առմամբ դիտվել է, նախորդ տարիների համեմատ, կրոնական փոքրամասնությունների հանդեպ պակաս քննադատական վերաբերմունք։ Նշվում է, որ հետևելով հանրային քննադատությանն ու միջազգային ուշադրությանը՝ սևեռված կրթության ոլորտում Հայ առաքելական եկեղեցու դերի վրա, եկեղեցին հրահանգել է Հայ առաքելական եկեղեցու պատմություն դասավանդող ուսուցիչներին՝ ավելի հարգալից լինել աշակերտների կրոնական հայացքների նկատմամբ։ Հաղորդվում է, որ ուսուցիչները հետևել են այդ հրահանգին և ավելի քիչ բացասական մեկնաբանություններ արել այլ կրոնների վերաբերյալ։
 
Զեկույցում ամերիկյան կողմը անդրադարձ է կատարել նաև Թուրքիայում հայկական եկեղեցիների կարգավիճակին, ընդ որում՝ բավականին օբյեկտիվ, ինչը թերևս պայմանավորված է վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններում նկատվող լարվածությամբ: Այս պարագայում հայկական հարցը կրկին քաղաքական մահակի դեր է խաղում Արևմուտքի ձեռքում՝ ընդդեմ Անկարայի: «Թուրքիայում իշխանությունները շարունակում են սահմանափակել որոշ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների մարդու իրավունքները, իսկ որոշ համայնքներում շարունակվում են կրոնական սեփականության շուրջ վեճերը»: Մասնավորապես, զեկույցում նշված է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայցը, որը պահանջում է վերադարձնել 1915 թվականին ապօրինի կերպով գրավված Կաթողիկոսի նստավայրը Սիսում:
 
Այս զեկույցը, ինչպես և Պետդեպի ցանկացած հրապարակած փաստաթուղթ՝ միանշանակ ունի իր քաղաքական ենթատեքստը: Կրոնական ազատությունների թեման այսօր աշխարհի բազմաթիվ երկրների «Աքիլլեսյան գարշապարն» է հանդիսանում, ինչը թույլ է տալիս ԱՄՆ-ին՝ ավելի ճկուն մանևրել և հաճախ դիմել քաղաքական շանտաժի լեզվին: Մեր պարագայում՝ ամերիկյան կողմի դրական գնահատականը պետք է դիտարկել իբրև համագործակցության ցանկության դրսևորում, հաշվի առնելով այն փաստը, որ Թրամփի վարչակազմը անչափ ժլատ է դրական գնահատականներ շռայլելու առումով: Հարկավոր է սպասել քաղաքական ազատությունների վերաբերյալ Պետդեպի զեկույցին, այդ ժամանակ հնարավոր կլինի ընդհանուր պատկերացում կազմել հայաստանյան իշխանություններին տրված գնահատականների, ամերիկյան կողմի ակնկալիքների, շեշտադրումների և համագործակցության ընդհանուր առանցքի ուրվագծման վերաբերյալ:
 
Ստելլա Խաչատրյան