Թե Հայաստանում որքան է կազմում տնտեսության մեջ առկա ստվերը կամ թե որքան է գործազուրկների իրական քանակը, իրականում անչափ դժվար է ասել: Ի սկզբանե ասենք, որ որևիցե պետական վիճակագրություն չի կարող արտացոլել այն լիարժեք ու իրական պատկերը, որ այսօր կա Հայաստանում: Ու չնայած վիճակագրության համաձայն՝ Հայաստանում, ասենք, գործազրկության մակարդակը համեմատելի է Իսպանիայում գոյություն ունեցող գործազրկության մակարդակին, բայց դե՝ առնվազն անհույս լավատես պետք է լինես՝ հավատալու համար, որ Իսպանիայի աշխատաշուկան կարելի է համեմատել մեր երկրի աշխատաշուկայի հետ…
Մայիսի 11-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը լրագրողների հետ զրույցում հանդես եկավ շշմեցնող հայտարարությամբ: Եթե հավատանք Կարայանին, ապա ներկայիս Հայաստանը հնարավոր է համեմատել միայն արևմտյան գերզարգացած երկրների հետ՝ համենայն դեպս, տնտեսական ազատությունների առումով. Կարայանը հայտարարել էր, թե Հայաստանում մենաշնորհներ չկան: Ավելին՝ վստահեցրել էր, որ տեսանելի ապագայում Հայաստանում ավելանալու են ներդրումները, 7000 աշխատատեղի փոխարեն ստեղծվելու է 10 000 աշխատատեղ և այսպես շարունակ: Մի խոսքով՝ Հայաստանի ապագան նկարագրել էր չափազանց վառ ու գունագեղ գույներով:
Թե որքանով է համապատասխանում Կարայանի հնչեցրած խիստ լավատեսական գնահատականները՝ հատկապես ստվերի մասով, իհարկե, վերլուծելն ուղղակի անիմաստ է, քանի որ ոչ ոք իրականությունից կտրված չէ ու շատ լավ տեղյակ է՝ ինչ իրավիճակ է տիրում Հայաստանում, բայց որ նախարարի հայտարարությունները բնավ էլ զերծ չեն քաղաքական ենթատեքստից, կասկած լինել չի կարող: Իսկ ենթատեքստը շատ պարզ է. Կարեն Կարապետյանի կառավարությունը, որի անքակտելի մասնիկն է նաև ինքը, աշխատել են տառացիորեն իդեալական ու չի կարող գտնվել մեկն, ով կարող է «պրեդյավկա» անել իրենց: Իսկ քաղաքական առումով չափազանց գերզգայուն այս ժամանակահատվածում՝ նման ինքնավստահ խոսքերը չեն կարող հանդիսանալ բացառապես սնափառությունից ծնված հայտարարություններ. Կարայանը մեսիջ է հղում վերևներին այն մասին, որ Կառավարությունում արմատական փոփոխութկյունների գնալը հիմնավորված չի կարող համարվել: Իսկ թե ինչու է այդ մասին ակնարկում հենց Կարապետյանի մտերիմը, կարծում ենք՝ ավելորդ է մեկնաբանել…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ