Մայիսի 17-ին տեղի կունենա Կառավարության հերթական նիստը՝ ամբողջովին նոր կազմով։
Հաշվի առնելով նոր Կառավարությունից հասարակության սպասելիքները, թվում էր, որ նորանշանակ երիտասարդ նախարարները ժամանակավոր Կառավարության բաց նիստերը կօգտագործեն յուրաքանչյուրն իրեն վստահված ոլորտի առանցքային խնդիրները բարձրաձայնելու և դրանց համար լուծումներ գտնելու համար, սակայն արի ու տես, որ, օրինակ, Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն իր նորամուտը Կառավարություն կօգտագործի ոչ թե առողջապահության համակարգում հրատապ լուծում պահանջող որևէ խնդրի զեկուցմամբ, այլ կլուծի նախարարությունը մեքենաներով զինելու հարցը։
Մասնավորապես, վաղվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գործադիրին կառաջարկի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Առողջապահության նախարարության աշխատակազմին։
Նախագծի ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում պետք է իրականացնել տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարում:
Խոսքը 2013 թվականի արտադրության «Նիսսան սաննի» մակնիշի երկու ավոտմեքենայի մասին է, որոնց արժեքը հաշվարկված է 7,950,000 ՀՀ դրամ։