Եթե կառավարության ղեկավարը և մնացած ներկայացուցիչները դուրս գան ծառայողական մեքենաներից, որոնց պատուհանից են նայում երկրում ապրող քաղաքացիների կյանքին ու չեն գտնվում իրական պրոբլեմների տիրույթում, գուցեև հասկանան, որ եկել է պահը անհապահ գործողությունների. Yerkir.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը' խոսելով երկրում հասունացող սոցիալական ճգնաժամի մասին:

 

Նշենք, որ Հայաստանի բնակիչների մոտ կոմունալ ծախսերի բեռը ծանրացել է հատկապես գազի թանկացումից հետո, և այն դեռ ավելի կծանրանա, երբ արդեն հաջորդ ամիս քաղաքացիների աշխատավարձերից առաջին պահումները արվեն' համաձայն պարտադիր կուտակային կենսաթոշակային' նոր ներդրված համակարգի:

 

Տիգրան Ուրիխանյանի կարծիքով' քաղաքացիները, սոցիալական անարդարությանն առնչվելով, հայացքը նետում են Հայաստանի սահմաններից դուրս: Երկարաժամկետ կտրվածքով լուծումը հետևյալն է' ծառայությունների ու ապրանքների գնի աճն անխուսափելի է, և դրա համար մարդկանց պետք է ապահովել աշխատանքով ու արժանավայել եկամուտներով: Ինչ վերաբերում է քաղաքացիների կողմից համատարած բոյկոտին' կոմունալ ծախսերը չվճարելու տեսքով, Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ այդ պարագայում «սիրտ ու հոգի չունեցող կոմերցիոն կազմակերպությունը համատարած անջատումներ կիրականացնի»: «Գուցեև ինչ-որ գործողություններ, որոնք կխփեն տվյալ կազմակերպության գրպանին, կստիպեն վերանայել ինչ-ինչ որոշումներ»,- բոյկոտի վերաբերյալ կարծիք հայտնեց պատգամավորը:

 

Խոսելով որոշ հանրապետական պատգամավորների խորհրդի' մի քիչ խնայելու մասին' Տիգրան Ուրիխանյանը նշեց. «Ես նման ցինիզմի դրսևորում, անկեղծ ասած, չէի սպասում: Չնայած «հնարավոր է, բայց' ոչ»-ից հետո արդեն էլ զարմանալու տեղ չկա: Ի՞նչը տնտեսենք: Օրը մեջ ծառայողական մեքենա եք փոխում, ինքնաթիռներ եք վարձակալում, դե տնտեսեք»,- ասաց պատգամավորը: