Մենք համարում ենք, որ տարածաշրջանում մեր տիրապետման ներքո գտնվող դաշնակից պետությունների ռազմավարական շահերի սպասարկումը պետք է լինի համատեղ ուժերով, ֆինանսական միջոցներով, մարդկային ռեսուրսներով և ռազմավարական նշանակության զինատեսակներով: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ասուլիսի ժամանակ ասաց «Մեր տունը Հայաստանն է» դաշինքի ղեկավար Տիգրան Ուրիխանյանը՝ խոսելով իրենց նախընտրական ծրագրի մասին:

Վերջինս նշեց, որ սոցիալական անդունդում գտնվող ՀՀ քաղաքացիների «աղքատների բանակը» պետք է անմիջապես ունենա կարգավիճակային փոփոխություն, ինչի համար անհրաժեշտ է անցում կատարել արտակարգ տնտեսման ռեժիմին. «Մեր խորը համոզմամբ մի քանի հարյուր միլիարդ դրամ ծախսվում է երկրորդական և երրորդական ուղղությունների վրա, դրանք են՝ մոնիթորինգները, կարծես թե, մշակութային-հասարակական ուղղության վրա ծախսվող գումարները և այլն»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Նա նշեց, որ ունեն բեկումնային առաջարկ նաև՝ ուղղված առողջապահության ոլորտին, ինչի արդյուքնում 3-5 ամսվա կտրվածքով ՀՀ-ում ոչ մի քաղաքացի չի ունենալու բժշկին դիմելու խնդիր. «Ոչ մի քաղաքացի անհրաժեշտության դեպքում չի ունենալու անհնարինություն դեղորքայից օգտվելու, որը որ հիմա կա: Սա մեր ծրագրում տեղ գտած ամիսների կտրվածքով լուծման հնարավորություն ունեցող առանցքային դրույթներից մեկն է»,- նշեց նա: