«Ալյանսը» ընտրություններին գնալու է սեփական վարչապետի թեկնածուով։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, «Ալյանս» կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Եթե ժողովուրդը որոշեց, որ պետք է ընտրություններ լինեն, ապա «Ալյանսը» մասնակցելու է ընտրություններին սեփական թիմով և համախոհներով: Եվ քանի որ դա միակ համապետական ընտրությունն է, «Ալյանսը» գնալու է իր սեփական ցուցակով և իր սեփական վարչապետի թեկնածուով: Կարճ ժամանակում կտրուկ քայլեր չանելու դեպքում ողբերգությունն անդառնալիորեն դաջվելու է պատմության դասագրքերում»,- նշեց պատգամավորը։
Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ ապագայում կուսակցությունը հանրահավաք կհրավիրի, որի ժամանակ ժողովուրդն ինքը կորոշի, թե ինչպես անել իշխանափոխությունը՝ փողոց դուրս գալու, թե ընտրությունների միջոցով:
«Եթե հասարակական պահանջը եղավ, որ պետք է լինեն ընտրություններ, մենք չենք սպասելու, որ իշխանությունն ընտրություն անի: Մենք ինքներս պետք է այդ գործողությունը գեներացնենք»,- ասաց Ուրիխանյանը:
Ըստ Տիգրան Ուրիխանյանի՝ ներկայիս իշխանությունը պետք է հեռանա, քանի որ ոչ միայն չի կատարել իր տված խոստումները, այլ նաև երկիրը հասցրել է խայտառակ պարտության:
«Գործող իշխանություններն ունեցել են գրեթե 3 տարի ժամանակ այդ բոլոր մեղավորներին պատժելու, վիճակը շտկելու և կայունացնելու, մարդկանց միջև արդարություն արթնացնելու, աղքատների բանակը կրճատելու, ամենափոքր խոստումներից մինչև ամենամեծ գաղափարական ծրագրերը իրականացնելու համար, սակայն ամենն ավարտեց այս խայտառակ պարտությունը: Այս ամենի պատասխանատուն իշխանությունն է, վարչապետն է, և այս ամենի պատասխանատվությունը պետք է արտահայտվի հրաժարականով»,- նշեց նա։