Գերմանիայի Դորտմունդ քաղաքի «Helmut Kornig Hall» մարզասրահում ընթանում է ըմբշամարտի «Մեծ մրցանակի» խաղարկության հունահռոմեական ոճի ըմբշամարտի «Գերմանիայի Մեծ մրցանակի» 34-րդ խաղարկությունը, որին հաջող մասնակցություն են բերում Հայաստանը ներկայացնող ըմբիշները:
Մրցաշարի 1-ին օրը հունահռոմեական ոճի ըմշամարտի մրցաշարում ստուգատեսի 1-ին օրը բոլոր 4 քաշային կարգերում (66, 75, 85 և 98 կգ) ոսկե մեդալներ բաժին հասան օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալականի ղեկավարությամբ ելույթ ունեցող մարզաձևի Հայաստանի հավաքականի անդամներին: Ստուգատեսի 2-րդ օրը, երբ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում մրցանակներ խաղարկվեցին մնացած 4 քաշային կարգերում (59, 71,80 և 130 կգ), Հայաստանի ըմբիշները զարգացրին 1-ին օրվա նվաճումները: 30-ամյա Ռոման Ամոյանը ստուգատեսի ամենալավ ըմբիշներից մեկն էր: Նա բացարձակ արդյունք ցույց տվեց ու նման հեղինակավոր ստուգատեսում բոլոր 5 մրցակիցներին չոր հաշիվներով հաղթեց: Ամոյանը մեկը մյուսի հետևից համոզիչ հաղթանակներ տարավ Լեհաստանը ներկայացնող Դավիթ Էրսենտիչի՝ 7:0, ֆինն Տոբիաս Ֆոնեսբեկի՝ 5:0, քառորդ եզրափակչում իր թիմակիցն ու ՀՀ ազգային հավաքականի իր գլխավոր մրցակից, երիտասարդների աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանի՝ 8:0, ապա կիսաեզրափակչում 4:0 հաշվով նորվեգացի Անդրե Բերգի, իսկ եզրափակչում էլ Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, մեր հայրենակից, Լեհաստանի պատվիրակ Էդվարդ Բարսեղյանի նկատմամբ՝ 3:0: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Միջազգային ասպարեզում իր առաջին ու նշանակալի հաղթանակը տոնեց 71 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճած Վարշամ Բորանյանը: Այս քաշային կարգում 20 մասնակիցներից 4-ը հայազգի ըմբիշներ էին: Բորանյանը դորտմունդյան իր հաղթաշավը սկսեց մեքսիկացի Կալդերոն Բարագանի նկատմամբ 10:0 հաշվով տարած համոզիչ հաղթանակով: Ապա դրան հետևեցին ևս չորս փայլուն հաղթանակներ՝ 8:0 հաշվով ֆինն Լարի Հիրվիի, բելառուս Պավել Լյախի՝ 3:1, կիսաեզրափակչում Շվեդիայի պատվիրակ Զաքարիս Տալրոտի՝ 4:0, իսկ եզրափակչում էլ Թուրքիայի ներկայացուցիչ Էմրե Բասարի՝ 5:1 նկատմամբ:
80 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրած Ռաֆիկ Մանուկյանն ու Հրաչ Հովհաննիսյանն անհաջող հանդես եկան ու իրենց առաջին իսկ գոտեմարտերում տանուլ տվեցին, համապատասխանաբար, թուրք ըմբիշ Ասլան Ատեմին՝ 1:2 և ուկրաինացի Ալեքսանդր Շիշմանին՝ 0:8 ու դուրս մնացին հետագա մրցապայքարից:
Թիմային պայքարում լավագույն հնգյակում տեղեր են զբաղեցրել հետյալ ընտրանիները ՝ Հայաստան՝ 75 միավոր, Բելառուս ՝ 67, Թուրքիա՝ 56, Գերմանիա՝ 56, Ուկրաինա՝ 53: Իսկ ահա ազատ ոճայինների պայքարում, ուր առավել հաջող հանդես եկան ու 4 ոսկե մեդալ շահեցին Ադրբեջանի պատվիրակները թիմային հաղթանակ են տոնել տանտերերը՝ գերմանացիները: