Ամերիկյան Associated Press լրատվակական գործակալության լուրերի մի հատվածը հուլիսից կսկսի արտադրվել հատուկ ռոբոտի միջոցով: Այս մասին լրատվական գործակալության բլոգում տեղեկացրել է Associated Press-ի ԶԼՄ-ների հետ կապի տնօրեն Պոլ Կոլֆորդը:

 

Լուրերը, որոնք ստեղծելու է ռոբոտը, առնչվելու են բիզնեսի հատուկ թեմատիկային: Դրանք լինելու են եկամուտների վերաբերյալ զեկույցներին առնչվող լուրեր' բաղկացած 150-300 բառից: «Նախկին 300 նյութի փոխարեն, որոնք գրվում էին ձեռքով, մենք կկարողանանք Միացյալ Նահանգներում գտնվող կազմակերպություններին ավտոմատ կերպով մատուցել 4 հազար 400-ը»,- նշել է գործակալության գլխավոր խմբագիր Լոու Ֆերրարան' հավելելով, որ այդպիսով իր աշխատողները կկարողանան խնայել ժամանակը լրագրողական այլ հետաքննություն իրականացնելու համար: Միաժամանակ Ֆերրարա ն ընդգծել է, որ ռոբոտի օգտագործումը լուրերի ստեղծման ժամանակ պատճառ չի դառնա աշխատողների կրճատման համար:

 

Associated Press-ը միակ լրատվական գործակալությունը չէ, որ ունի ռոբոտ-լրագրողների օգտագործման պրակտիկա: Ավտոմատացված տարբերակով լուրեր ստեղծելու փորձառություն արդեն իսկ ունեն The New York Times-ը և LA Times-ը: