Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի կողմից զանգվածային լրատվական միջոցներում անցկացրած մոնիտորինգի արդյունքների համաձայն' 2014 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում կորուստը կազմել է 47 զինծառայող: Այս մասին qafqazinfo.az-ին հայտնել է «Դոկտրինա» կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերենլին:

 

Նրա խոսքով' հիշյալ ժամանակաընթացքում ադրբեջանական բանակի 84 զինծառայողներ էլ վիրավորվել եւ վնասվածքներ են ստացել: Սումերենլին հայտնել է, որ տարվա ընթացքում մահացածներից 34-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 3-ը զոհվել են ականի պայթյունից, 8-ը' ճանապարհատրանսպորտային պատահարներից, 1-ը' անհայտ պատճառով, 6-ը' ոչ կանոնադրական գործողությունների հետեւանքով, 1-ը' դժբախտ դեպքից (ջրում խեղդվելու), 7-ը' հիվանդությունից, 11 հոգի ինքնասպանություն են գործել: Մահացածներից 40-ը պաշտպանության նախարարության, 3-ը' արդարադատության նախարարության, 2-ը' ներքին զորքերի, 2-ը' պետական սահմանային ծառայության զինծառայողներ են:

 

Վիրավորվածներից կամ վնասվածք ստացածներից 19-ը վիրավորվել են ոչ կանոնադրական, այդ թվում' անզգուշության դեպքերից, 7-ը' ինքնասպանության փորձից, 9-ը' ականի պայթյունից, 2-ը' զինավարժանքների ժամանակ, 33-ը' ճանապարհատրանսպորտային պատահարներից, 2-ը' դժբախտ դեպքից, 11 հոգի' հակառակորդի գնդակից, 1 հոգի թունավորվել է:

 

Վիրավորվածներից 71-ը ՊՆ, 7-ը' ներքին զորքերի, 5-ը' պետական սահմանային ծառայության, 1-ը' արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության գնդի զինծառայողներ են: Նշված ժամանակաշրջանում 1 զինակոչիկ զոհվել է ավտոմեքենայի վթարից:

 

APA լրատվական գործակալությունը հայտնել է, որ երեկ երեկոյան Ադրբեջանի ՊՆ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում տեղակայված զորամասերից մեկում «վառարանում կրակ վառելու փորձ կատարելու» ժամանակ մարմնի տարբեր մասերի ուժեղ այրվածքներ է ստացել եւ ծանր վիճակում հոսպիտալացվել է զինվոր Վյուգար Մայիս օղլու Գելեբեգիեւը: