Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հունիսի 29-ին պաշտոնապես բացվել է Հայ դատի հանձնախումբ: Շվեդիայում բացված հանձնախումբը վերջին ութ ամիսների ընթացքում չորրորդն է' Ռումինիայի, Լեհաստանի և Ավստրիայի հանձնախմբերից հետո: Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի խոսքով' նախատեսվում է ևս երկու հանձնախումբ բացել մինչև տարեվերջ:

 

Միջոցառմանը ներկա են եղել Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, Հայկական միությունների համադրող կենտրոնի նախագահ Կառլեն Մանսուրյանը, Հ.Յ.Դ Շվեդիայի կոմիտեի ներկայացուցիչ Արմենակ Մահտեսյանը և միությունների ներկայացուցիչներ:

 

Շնորհավորելով հանձնախմբի անդամներին' դեսպան Ապիտոնյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանությունը և Հայ Դատի հանձնախումբը պետք է սերտորեն համագործակցեն ազգային խնդիրների շուրջ: Հանձնախումբի ատենապետ Արշակ Գավաֆյանն իր հերթին հավաստիացրել է, որ անմիջապես կարճաժամկետ ծրագիր է մշակվելու սեպտեմբերին կայանալիք Շվեդիայի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Շուտով կմշակվի նաև հանձնախմբի գործողությունների ամբողջական ծրագիրը: