Հայաստանը հաստատում է իր հավատարմությունը կանխիչ դիվանագիտությանը' որպես անվտանգության արդյունավետ ապահովման ու ճգնաժամերի կանխարգելման կարևոր միջոցի։ «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումի մասնակիցներին ուղղված իր ողջույնի ուղերձում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում գերակշռող է այն մոտեցումը, որ ՀԱՊԿ անդամ պետությունների գերակայությունների կարևոր բաղադրատարը միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակով իրականացվող խաղաղարարական գործունեությունն է:

 

Նախագահի գնահատմամբ՝ միջազգային ֆորումի մասնակիցների ներկայացուցչական կազմը հաստատում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ 2013թ. հունիսին արած այն հայտարարությունը, որ Երևանում անցկացվեն ամենամյա միջազգային ֆորումներ ընդլայնված կազմով՝ ինչպես կազմակերպության անդամ պետությունների, այնպես էլ այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների և ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող երկրների գիտափորձագիտական շրջանակների մասնակցությամբ:

 

«Մաղթելով հաջող մեկնարկ և արգասաբեր աշխատանք՝ ուզում եմ հույս հայտնել, որ ֆորումը կդառնա այն ակադեմիական հարթակը, որտեղ տեղի կունենա խաղաղարարության' որպես խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման համակարգի կարևոր տարրի վերաբերյալ կարծիքների և գաղափարների փոխանակում»,- նշել է երկրի ղեկավարը։

 

Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպությունների խաղաղարարական առաքելություններն էական դեր են խաղում արդի աշխարհում: Դրանք խաղաղ միջոցներով՝ հակամարտող կողմերի միջև երկխոսության հաստատման ճանապարհով, ներքին և միջազգային հակամարտությունների սրումը կանխող կարևոր գործիք են: «Հայաստանը լավ է հասկանում երկխոսության, դեպի փոխըմբռնում ձգտման, վեճերի լուծման նկատմամբ ռազմամոլական մոտեցումներից հրաժարման նշանակությունը: Հույս ունեմ, որ ձեր գիտաժողովը կծառայի խաղաղարարական ոլորտում համագործակցության գիտակիրառական գործիքակազմի հետագա հարստացմանը, կարևոր ներդրում կկատարի անվտանգության ու կայունության ապահովմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի համախմբման, զինված հակամարտությունների կանխման և ծագող հակամարտային ու ճգնաժամային իրավիճակների խաղաղ կարգավորման գործում», - նշված է ուղերձում:

 

Երևանում մեկնարկել է «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումը: