Դոնալդ Տուսկի հայտարարությունը եղել է մի քանի երկրների համատեքստում, նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի հետ կապված: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով եւ կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։
«Ես դա կապում եմ այն չգրված կանոնի հետ, որ ԵԺԿ ղեկավարը մշտապես պաշտպանում է իրենց խմբին անդամակցող կուսակցությունների ներկայացուցիչներին, այդ թվում նաեւ Սերժ Սարգսյանին: Ես կարծում եմ՝ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի եւ չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին: Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար, կարծում եմ, որ կան ավելի պատշաճ եւ ավելի մասնագիտացված անձինք»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Հարցին, թե արդյոք Դոնալդ Տուսկը գնահատականներ է հնչեցրել Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ գնահատականներից ելնելով, ԱԺ փոխխոսնակն պատասխանեց. «Ես կարծում եմ, որ պարոն Տուսկը Հայաստանը տեսնում է Սերժ Սարգսյանի աչքերով, որը իրականությունից կտրված աչքեր են, որը արդարադատությանը սպասող աչքեր են, որը ՀՀ քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության հետ արդեն շատ շուտվանից, նաեւ հեղափոխությունից առաջ ոչ մի կապ չունեն եւ չեն կարող ունենալ»: