Նախագահ Սերժ Սարգսյանն օրերս ռուսական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ պատրաստակամություն էր հայտնել Ռուսաստանի հետ համատեղ պայքարելու ահաբեկչական խմբավորումների դեմ՝ շեշտելով, որ Հայաստանը պարտավոր է իր դաշնակցի հետ կիսել ահաբեկչության դեմ տարվող պայքարը: 

 

Սանկտ Պետերբուրգի մետրոյում կատարված ահաբեկչական գործողությունը, որը կատարել է ռադիկալ իսլամիստական խմբավորման ղազախցի ներկայացուցիչը քաղաքական վերլուծաբանները կապում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումների հետ: Շատերը սա համարում են պատասխան Ռուսաստանին՝ Սիրիայում հայտնվելու համար՝ շեշտելով, որ ԴԱԻՇ-ի թիրախում կարող է հայտնվել նաև Հայաստանը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշեց, որ Հայաստանը չի կարող  թիրախ հանդիսանալ ԴԱԻՇ-ի համար, և նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած միտքը, որ հայերը կարող են միանալ Ռուսաստանին ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, վտանգի տակ չի դնում մեր երկրի անվտանգությունը. «Նախագահի հայտնի արտահայտությունը, որ Հայաստանը պատրաստ է Ռուսաստանին օգնել ահաբեկչության դեմ պայքարում, դեռ չի նշանակում, որ մեր անվտանգությունը վտանգված է և մենք կարող ենք հայտնվել իսլամիստ ահաբեկիչների թիրախում»,-ասաց քաղաքագետը:

 

Ըստ Սերգեյ Մինասյանի՝ Սերժ Սարգսյանն ընդամենը փորձել է Ռուսաստանին ցույց տալ, որ ինչպես նա է մեր դաշնակիցն Արցախի հարցում, այնպես էլ մենք կարող ենք լինել իր դաշնակիցը՝  ԴԱԻՇ-ի դեմ պայքարում: «Մյուս կողմից, պետք է շեշտեմ, որ Հայաստանը չունի այն ներուժը, որ կարողանա լուրջ դերակատարում ունենալ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, բացի այդ, եկեք չմոեռանանք, որ Սիրիայի հայ համայնքն արդեն ներգարվված է այդ պայքարում»,-նշեց քաղաքագետը՝ շեշտելով, որ թեև Հայաստանը չի դիտարկվում ԴԱԻՇ-ի կողմից որպես թիրախ, բայց, այնուամենայնիվ, մենք  որևէ արտաքին վտանգից ապահովագրված չենք:

 

Աղավնի Սուքիասյան