ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթը նախաբանն էր հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն' անդրադառնալով Մյունխենում ՀՀ նախագահի ելույթի շեշտադրումներին:
«Մյունխենի ելույթը լիարժեքորեն Թուրքիային հակադրեց եվրոպական արժեքներին: Ներկայացվեցին հարցեր' կապված շրջափակման, փակ սահմանների, արձանագրությունները չվավերացնելու, նախապայմանների լեզվով խոսելու հետ: Նախագահն ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործում Երևանը ցուցաբերեց նախաձեռնողականոթյուն' հակառակ Սփյուռքում դրսևորված սուր զգայունության, որովհետև սփյուռքահայերը հայրենազրկվել են, նրանք ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են»,-ասաց Շահան Գանտահարյանը: Երևանը գնաց այդ քայլին, սակայն դա չարեց Թուրքիան: Անկարան ձգձգեց արձանագրությունների վավերացման գործընթացը' այդ ընթացքում փորձելով Հայաստանի հետ խոսել նախապայմանների լեզվով:
Այս համատեքստում Շահան Գանտահարյանը կարևորեց այն, որ ՀՀ Նախագահը խոսել է նոր փաստաթղթի մասին:
«Եթե հետագայում խոսք լինի Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու մասի, ապա անհրաժեշտ է լինելու նոր փաստթուղթ: Հայաստանը չի դնում նախապայման և թույլ չի տա, որ իր հետ խոսեն նախապայմանների հետ: Այսօր պայմանները փոխվել են, Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է և ԵՄ-ի հետ կնքել է համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր: Հայաստանը ցամաքային կամուրջի հնարավորություն է ստանում Պարսից Ծոցի եւ Սեւ Ծովի միջեւ՝ ստանալով կամուրջի դեր կատարելու հնարավորություններ: Թուրքիայի կողմից սահմանի փակումն այլևս նախկին նշանակությունը չունի: Հայաստանը խաղաղության գործոն լինելով և կամրջողի դեր կատարելու հնարավորություն ունենալով՝ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային նոր դեր է ստանձնում: Այո պայմաններ են փոխվել են, նոր փաստաթուղթ է անհրաժեշտ»,-ասաց նա:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 17-ին ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովին «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ: Նա իր ելույթում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանային մի շարք հարցերի: