Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովին: Այն համատեղ կազմակերպել են պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունները: Համաժողովին հրավիրված են մասնակցելու պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկեր, գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Հանրապետության Նախագահը պաշտպանության, կրթության և գիտության, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցրերի նախարարների, Երևանի քաղաքապետի, ԱԺ արտաքին հարաբերությունների և գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների ուղեկցությամբ այցելել է համաժողովի շրջանակներում համալիրում ապրիլի 21-ից բացվող ցուցահանդեսի տաղավարներ, զինվորական դաշտային խոհանոց, դիտել առանձին հարթակներում և տաղավարներում ներկայացված սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշները, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակները, ծանոթացել կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատությունների ներկայացրած կրթական ծրագրերին, արձանագրած հաջողություններին, որից հետո Նախագահը մասնակցել է համաժողովին և հանդես եկել ելույթով:

 

Ստորև ներկայացնում ենք  Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Ազգ-բանակ-2017» համաժողովում.

 

Հարգելի՛ գործընկերներ,

Շատ ուրախ եմ այս համաժողովի շրջանակներում մեր հանդիպման համար: Ուրախ եմ, որ այստեղ ներկա են կրթության, պաշտպանության, մեր հասարակական կյանքի կազմակերպման այլ բնագավառների աշխատողներ:

 

Հանրային կառավարման բնագավառում երկար տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում չկա որևէ համակարգային հարց, որը հնարավոր լինի լուծել առանձին վերցրած ոլորտի շրջանակներում: Արդի հասարակության պայմաններում այդպիսի հարցերը շաղկապված են, ուստի անհրաժեշտ են համալիր հարցադրումներ, մոտեցումներ և լուծումներ:

 

Այդպիսին է նաև հայրենասիրական դաստիարակության խնդիրը: Ամենալավ հայրենասիրական դաստիարակությունը օրինակն է:

 

Պաշտպանության նախարարի առաջարկած «Ազգ-բանակ» հայեցակարգն ուղղված է անվտանգության ոլորտում պահանջատեր քաղաքացու դաստիարակմանը մեր հասարակության մեջ: Այսօրվա համաժողովն էլ մի միջոց է՝ ավելի ամրացնելու մեր հասարակության, հատկապես երիտասարդության կապը մեր Զինված ուժերի հետ:

 

Առաջիկա օրերին այստեղ տեղակայված ցուցահանդես կայցելեն հազարավոր աշակերտներ, մանկավարժներ, ծնողներ' հասկանալու համար, թե այսօր մեր երկիրն ինչ ունի առաջարկելու այն երիտասարդներին, ովքեր ուզում են որակյալ կրթություն ստանալ, ունենալ մրցունակ և շատ հետաքրքիր մասնագիտություն:

 

Այսօր քննարկվելիք նոր նախաձեռնությունները, ինչպես նաև տարիների կուտակած ներուժը լուրջ հիմք կստեղծեն մեր նոր սերնդի հրամանատարների, մտավորական-սպաների ամուր առանցք ձևավորելու համար: Սեպտեմբերին Դիլիջանում նոր և լայն հնարավորություններով վերաբացվելիք «Մոնթե Մելքոնյան» վարժարանից մինչև մեր բարձրագույն ռազմական հաստատությունների նոր կրթական ծրագրեր, քաղաքացիական բուհերից մինչև առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող մեր ժամկետային զինծառայողներ' մենք պետք է վերանայված քաղաքականությամբ, հետևողական քայլերով շարունակենք ամրապնդել մեր հասարակության հարգանքն ու սերը դեպի Հայոց բանակը:

 

Պետությունը շարունակելու է գործնական քայլեր ձեռնարկել սպայական մասնագիտությունն ընտրած իր քաղաքացիների նկատմամբ: Ինչպես նաև շարունակելու է Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած կամ ծառայության արդյունքում հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների և նրանց ընտանիքների հանդեպ հատուկ հոգատարություն ցուցաբերելու իր քաղաքականությունը:

 

Ի դեպ, ես արդեն հանձնարարել եմ Պաշտպանության նախարարին, որպեսզի անհապաղ գործուն քայլեր ձեռնարկի զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար: Այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի և այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի ամենաուշը մինչև 2019 թվականի ավարտը: Հանձնարարել եմ նաև անհապաղ ուսումնասիրել և լուծում տալ սեփականաշնորհման ենթակա՝ պաշտպանության նախարարության այն բնակարանային ֆոնդի օտարմանը, որը զբաղեցնում են սեփական բնակարանի փոխհատուցման իրավունք ձեռք բերած մեր զինծառայողները:

 

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու համար առաջին հերթին պետք է ամրապնդել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու մեջ տիրոջ զգացումը: Երկրի ամենալավ պաշտպանն այն մարդն է, ով գիտակցում է իր բաժին պատասխանատվությունը հայրենիքի համար:


Պատասխանատվությունը վերացական և վերամբարձ հասկացություն չէ: Պատասխանատու է այն մարդը, ով ունի գոնե իր սեփական անկյունը: Եթե անգամ չունի, վստահ է, որ իր ազնիվ աշխատանքով այդ անկյունը վաստակելու է: Այդ մարդը ոչ միայն ստեղծելու է իր անկյունը, այլև ընդլայնելու է այն, դարձնելու է իր ընտանեկան օջախը: Այդ բնակարանում, այդ միջավայրում նա դաստիարակելու է իր զավակներին, ովքեր տոգորվելու են այդ նույն սեփականատիրոջ զգացումով:

 

Սա, իմ խորին համոզմամբ, ամենալավ հայրենասիրական դաստիարակությունն է:

 

Թող ոչ ոք չմոլորեցնի իրեն և ուրիշներին. առանց վճռական տիրոջ, առանց երկրի հայրենի հողին կառչած կանանց և տղամարդկանց հնարավոր չէ որևէ հայրենասիրական դաստիարակություն: Միայն այդպիսի սեփականատիրոջ զգացումով տոգորված կանայք ու տղամարդիկ են ունակ դաստիարակել զավակներ, ովքեր նվիրված են իրենց հայրենիքին, իրենց հողին ու իրենց ջրին:

 

Նման մարդկանց հայրենասիրության կոչեր ու քարոզներ կարդալ պետք չէ: Նրանք անմիջապես զգում են վտանգը և անհրաժեշտության դեպքում ոտքի են կանգնում՝ իրենց տունը, իրենց երկիրը պաշտպանելու նպատակով:

 

Նման վերաբերմունքի խրախուսման և ամրապնդման նպատակին են ուղղված այն բարեփոխումները, որ իրականացվում են մեր երկրում: Գալիք մի քանի տարիները որոշիչ են լինելու այդ ճանապարհին:
Փոփոխություններն արմատական են, և նրանք զգալի ու շոշափելի են լինելու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար:


Հարգելի՛ գործընկերներ,

Կարծում եմ, որ նման տիրոջ զգացումն էր, որ հաջողության ու հաղթանակի ճանապարհ հարթեց Արցախյան ազատամարտում:

 

Վազգենն ասում էր՝ տեղական հայրենասերների ցավը տանեմ: Ամեն մի գյուղում, ավանում, քաղաքում կան այդպիսի տեղական հայրենասերներ, որ գիտեն իրենց բնակավայրի պատմությունը, այդտեղից դուրս եկած մարդկանց անուններն ու կենսագրությունները: Նրանք միշտ պատրաստ են պատմել իրենց այդ հարազատ տան մասին և հպարտ են դրանով:

 

Տարիներ շարունակ աշխատանքի բերումով մեր երկրի տարբեր մարզեր ու համայնքներ այցելելով՝ ես ծանոթացել և շփվել եմ նման շատ մարդկանց հետ: Կարծում եմ, որ այդ մարդկանց նվիրումն ու աշխատանքը մենք մշտապես պետք է պահենք մեր ուշադրության և հոգածության կենտրոնում: Դրանից լավ հայրենասիրական դաստիարակություն լինել չի կարող:

 

Հայաստանը բազմաթիվ փոքր ու մեծ բնակավայրերի հանրագումարն է: Այդ հանրագումարի մեջ երբեք մենք չպիտի կորցնենք անգամ ամենափոքր միավորը: Մենք պետք է սիրենք, գուրգուրենք ու պահպանենք այդ միավորը: Ո՞վ կարող է դա ավելի լավ անել, քան սեփականատերը, իր ազնիվ աշխատանքով իր ընտանիքի հացը վաստակող տղամարդն ու կինը:

 

Դա է հայրենիքը ճանաչելու և սիրելու միակ ուղին: Այդ արժեքները մենք միշտ պետք է ամրապնդենք և փոխանցենք սերնդեսերունդ՝ առաջին հերթին մեր ընտանիքների միջոցով: Ընտանիքը մեր ազգապահպանության ամենակարևոր և ամենաամուր միավորն է, որտեղ յուրաքանչյուր մարդ ստանում է իր հիմնարար արժեքները:

 

Մենք պետք է ամրապնդենք մեր դպրոցական համակարգը: Արժանապատիվ քաղաքացի և հասարակության պատասխանատու անդամ դաստիարակելու գործում կարևոր դերակատարություն է, անշուշտ, վերապահված հենց դպրոցին: Հայրենասիրությունը, մարդասիրությունն ու պատվախնդրությունը բոլորիս մեջ ներարկել են մեր ուսուցիչները:


Ո՞վ է խնամում այգին, սիրելի՛ գործընկերներ: Այգին խնամում է տերը: Ո՞վ է, գիշերներ լուսացնելով, փորձում այգին փրկել ցրտահարությունից, ոռոգում, սրսկում, պաշտպանում այգին: Միայն ու միայն տե՛րը:

Մեր հայրենիքը հենց այդ այգին է, որտեղ տերը միաժամանակ մշակ է և ծառա: Հայրենասերը նա է, ով և՛, տեր է, և՛ մշակ՝ միաժամանակ, առանց զատելու:


Տեր լինել սեփական վաստակին, տեր լինել սեփական երկրին, տեր լինել սեփական իրավունքներին՝ նշանակում է լինել ազատ:

Ազատասիրությունը և հայրենասիրությունը նույն մեդալի երկու երեսներն են: Մենք արժանի լինենք այդ մեդալին: Պաշտպանե՛նք մեր ազատությունը, ինչպես կպաշտպանեինք մեր այգին, քանի որ առանց այդ այգու չենք ունենա ո՛չ վաստակ և ո՛չ էլ որևէ այլ բան:

 

Վերահաս վտանգի առաջ համախմբվում են շատերը: Դա կոչվում է, ինչպես գիտեք, ինքնապաշտպանության բնազդ: Այդ բնազդը հատուկ է նույնիսկ կենդանիներին: Մեր ազգային համախմբումը հիմնված չէ և չպետք է հիմնված լինի ինքնապաշտպանական բնազդների վրա: Այն խորապես գիտակցված ընտրություն է և կոչվում է ազատություն. տիրո՛ջ ազատություն և տիրո՛ջ պատասխանատվություն: Այն մեր ինքնության և ինքնագիտակցության կարևոր բաղադրիչն է եղել հազարամյակներ և լինելու է այսուհետ ևս:

 

Երբ մենք ասում ենք, որ հարգում ենք և հարգելու ենք մարդու հիմնարար ազատությունները, դա մենք չենք անում ինչ-որ մեկին դուր գալու համար: Մենք դա ասում ենք և անում ենք, քանի որ մարդն առանց հիմնարար ազատությունների լիարժեք չէ:

 

Մեզ պետք են լիարժեք մարդիկ, մեզ պետք են երկրի տերեր, որ պատրաստ են մշակելու և պաշտպանելու իրենց վաստակը, իրենց այգին՝ մեր Հայաստանը:


Խաղաղ պայմաններում մենք ազգ-այգեպան ենք, իսկ վտանգի պահին դառնում ենք ազգ-բանակ: Ահա սա է մեր երկրի տերերի, երկրի մշակների և երկրի պաշտպանների հայեցակարգը:

 

Շնորհակալություն:

 

Հաջողություն եմ մաղթում բոլորին: