Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այցելել է Դիարբեքիր նահանգապետ Մուստաֆա Ջահիթ Քըրաչին և քաղաքապետ Ֆըրաթ Անլըին: Ինչպես հաղորդում է թուրքական Haberler.com-ը, Աթեշյանին ուղեկցել են Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այըքը և այլ անդամներ:
Քըրաչը իր գոհունակությունն է հայտնել Աթեշյանին հանդիպելու կապակցությամբ: Հանդիպման վերջում Աթեշյանը Դիարբեքիրի նահանգապետին է հանձնել փայտե փորագրություններով ծաղկաման, իսկ Քըրաչն իր հերթին Պոլսո պատրիարքական փոխանորդին է տվել Դիարբեքիրի մասին պատմող գրքեր:
Աթեշյանի հետ հանդիպմանը Դիարբեքիրի քաղաքապետը հայտնել է, որ իրենց քաղաքապետարանը բարոյապես և նյութապես միշտ պատրիարքարանի կողքին է: Նա հայտնել է նաև, որ իրենք սպասում են հայկական սուրբ Սարգիս եկեղեցու վերաբացմանը: Անլըն առաջարկել է Աթեշյանին լինել Դիարբեքիրի մշակույթի դեսպանը, ինչը պատրիարքական փոխանորդը սիրով ընդունել է: Աթեշյանը խոսել է հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու բացման կարևորության մասին՝ ընդգծելով, որ եկեղեցու բացման դեպքում ավելի մեծ թվով հայեր կուղղվեն դեպի Դիարբեքիր: «Բոլոր նրանք, ովքեր այցելում են Սուրբ Կիրակոս եկեղեցի, հարցնում են, թե երբ է բացվելու Սուրբ Սարգիսը: Հետաքրքրվում են, թե երբ է կենդանանալու, երբ է ոտքի կանգնելու»,- ասել է Աթեշյանը:
Դիարբեքիրի քաղաքապետարանում ևս կողմերը փոխանակվել են նվերներով: