Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպելուց հետո Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:

 

Հանդիպումը կայացել է ճաշի սեղանի շուրջ: Դավութօղլուն հայտնել է, որ հանդիպումը կայացել է ընկերական մթնոլորտում: Նա նշել է, որ Աթեշյանը հայկական համայնքի գոհունակությունն է հայտնել' կապված Էրդողանի հղած ուղերձի հետ: «Հուսով ենք, որ մեր մեկնած բարեկամության ձեռքն անպատասխան չի թողնվի»,- ասել է Դավութօղլուն' հերթական անգամ բարձրաձանելով իրենց ակնկալիքն առ այն, որ ուղերձը տեղ կհասնի:

 

Ավելի վաղ Արամ Աթեշյանը հանդիպել էր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Հանդիպմանը, որը տեւել է մոտ 1,5 ժամ, ներկա են եղել Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչն ու արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Պատրիարքական փոխանորդը եւ թուրք վարչապետը նվերներ են փոխանակել:

 

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ապրիլի 24-ի հետ կապված պաշտոնական հայտարարությամբ, որում ցավակցություն է հայտնվում հայերին, սակայն խեղաթյուրել է Հայոց ցեղասպանության իրողությունն ու հնչեցրել ժխտողական կոչեր:

 

Ապրիլի 24-ին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը և ի մասնավորի ասել է. «Մենք ուշադրությամբ ծանոթացանք Թուրքիայի վարչապետի այդ հայտարարությանը, փորձելով դրանում տեսնել պատմությանն առերեսվելու առաջին փորձ, սակայն, ցավոք, պետք է փաստենք, որ այն Հայոց ցեղասպանության հանցագործության ժխտման և քողարկման հերթական՝ թերևս ավելի կատարելագործված դրսևորում է: Դրանում պարունակվում են թուրքական քարոզչամեքենայի արդեն բոլորին հայտնի նույն թեզերը' զոհին և դահճին նույն հարթության մեջ դիտարկելը, պատճառահետևանքային կապի խեղաթյուրումը, բոլորին հայտնի պատմական իրականության վերանայման գործիքների ձևավորման կոչը»: