Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կառավարության շենքում հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` նշելով, որ հանդիպումն անցել է փակ դռների հետեւում:
Նշվում է, որ հանդիպմանը, որը տեւել է մոտ 1,5 ժամ, ներկա են եղել Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչն ու արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Պատրիարքական փոխանորդը եւ թուրք վարչապետը նվերներ են փոխանակել:
Հանդիպումից հետո արքեպիսկոպոս Աթեշյանը լրագրողներին ասել է, որ Էրդողանին գոհունակություն է հայտնել ապրիլի 24-ի առթիվ ցավակցական ուղերձ հղելու կապակցությամբ: Նա նշել է, որ խոսել են հայ եւ թուրք հասարակությունների մերձեցման եւ համատեղ խաղաղ ապագա կառուցելու շուրջ: «Ոչ ոք չի կարող հերքել, որ այս հողերը, հատկապես, Անատոլիայի հողերը արյունով հագեցած չեն: Այդ բոլորն այս երկրում է տեղի ունեցել, ցավեր են տեղի ունեցել: Այժմ մեջտեղում մի դիակ կա, այն սկսել է չափից դուրս վատ հոտ արձակել, եւ բոլորն անհանգստացած են այդ հոտից», -ասել է նա: