Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել: Այս մասին ասաց Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

 

Հրաժարականի մասին Աթեշյանը հայտարարել է պատրիարքարանում հրավիրած հանդիպման ժամանակ:

 

Ակնկալվում է, որ մոտ ժամերի ընթացքում այս մասին պատրիարքարանը հանդես կգա հատուկ հայտարարությամբ:

 

Պոլսո Հայոց պատրիարքարանում մարտի 15-ին գումարված հոգևորականների ժողովը պատրիարքական տեղապահ էր ընտրել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Աթեշյանը, սակայն, ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ներկայացրել էր նահանգապետարանից ստացված գրությունը, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Նա հրաժարվել էր հեռանալ պատրիարքական փոխանորդի պաշտոնից՝ ասելով, որ թուրքական իշխանություններն իբրև պատրիարքարանի պաշտոնական ներկայացուցիչ միայն իրեն են ճանաչում: