Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հերքել է հայկական մի շարք լրատվամիջոցներով տարածված տեղեկությունն այն մասին, թե պատրաստվում է հրաժարական տալ: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:
Անդրադառնալով լրատվամիջոցներից մեկին տված մեկնաբանությանը' Բեքչյանը պարզաբանել է. «Խոսքի մեջ ասացի' եթե պետք լինի, կարող եմ հրաժարվել, սակայն նման բան չկա»:
Սրբազան Հայրն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Էրդողանի' ապրիլի 24-ին արած ուղերձին ու դրանում պատրիարքական ընտրության մասին ակնարկին' նշելով. «Լավ է, որ նման պատգամ է հրապարակել: Անցյալ տարի էլ էր հրապարակել, այս տարի էլ: Ինչ վերաբերում է պատրիարքական ընտրության հարցին նրա անդրադարձին' դա լավ է, տեսնենք արդյունքում ինչ է լինելու»:
Տեղապահը հայտնել է, որ առաջիկա օրերին կժամանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, այնուհետև կմեկնի Մոսկվա' մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) ժողովներին: Հավանական է, որ Էջմիածնում Բեքչյանը Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ քննարկի պատրիարքական աթոռի շուրջ ստեղծված հարցը:
Բեքչյանը Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է որպես Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ, սակայն Մոսկվայում կայանալիք նիստին մասնակցելու է որպես Պոլսո պատրիարքական աթոռի ընտրյալ տեղապահ: «Ժամանակ»-ի տեղեկություններով' պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը առաջիկայում չունի ծրագրած այցեր Մայր Աթոռ կամ Մոսկվա' մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ուստի ԳՀԽ ժողովին Պոլսո պատրիարքարանի միակ ներկայացուցիչը լինելու է Բեքչյանը: