Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ, Գերմանիայի Հայ թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը տասն օրվա ընթացքում կժամանի Ստամբուլ: Այս մասին Բեքչյանն ասել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում:
«Վեհափառին և ինձ մի նամակ է ուղարկվել, հրավիրվել եմ «Համբարձման» ընթրիքին, սակայն Գերմանիայում պայմանավորվածություններ ունեմ: 10 օրվա մեջ կգամ Ստամբուլ և կսկսեմ աշխատանքներս: Հանդիպումներ եմ ունեցել նախապատրաստությունների թեմայով, դրանք էլ 10 օրվա մեջ կամբողջանան: Երբ գամ, այդ ժամանակ կշարժվեմ համաձայն նրա, թե ինչ է ուզում պետությունը և մենք ինչ պետք է անենք»,- ասել է Բեքչյանը:

 


Նա տեղեկացրել է նաև, որ Գերմանիայում տարբեր ծրագրեր ու հանդիպումներ ունի նախատեսած, որոնց ևս առաջիկայում պետք է մասնակցի:
Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մայիսի 24-ին հրաժարական է տվել: Հրաժարականի մասին Աթեշյանը հայտարարել է պատրիարքարանում հրավիրած հանդիպման ժամանակ:

 


Պոլսո Հայոց պատրիարքարանում մարտի 15-ին գումարված հոգևորականների ժողովը պատրիարքական տեղապահ էր ընտրել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Աթեշյանը, սակայն, ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ներկայացրել էր նահանգապետարանից ստացված գրությունը, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Նա հրաժարվել էր հեռանալ պատրիարքական փոխանորդի պաշտոնից՝ ասելով, որ թուրքական իշխանություններն իբրև պատրիարքարանի պաշտոնական ներկայացուցիչ միայն իրեն են ճանաչում: