Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Քյոլնի առաջնորդարանից հաղորդագրություն է ուղարկել պոլսահայ մամուլին' հայտնելով, որ առաջիկա օրերին կվերադառնա Ստամբուլ: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը: Ներկայացնում ենք Բեքչյանի հաղորդագրությունն ամբողջությամբ:

 

«Պատրիարքական տեղապահ ընտրվելուց մի քանի օր անց Գերմանիա վերադարձս մի շարք հարցադրումներ է առաջացրել մամուլի ու հանրության մեջ: Այս կապակցությամբ կցանկանայի մամուլի միջոցով մեր հանրությանը փոխանցել հետևյալը.

 

Տեղապահի ընտրություններից առաջ, բնականաբար, չէի կարող իմանալ, որ տեղապահ եմ ընտրվելու: Հետևաբար, ընտրությունների առթիվ Ստամբուլ էի եկել միայն մի քանի օրով:

 

Տեղապահ ընտրվելուց բացի, ես շարունակում եմ մնալ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ: Թեպետ թեմում ունեմ լիազոր փոխանորդ, սակայն կային նախապես հստակեցված առաջնորդական, միջեկեղեցական ու անձնական մի շարք պայմանավորվածություններ, որոնք իմ կողմից պետք է հարգվեն ու պարտադիր է դրանց իմ անձնական ներկայությունը: Այս պատճառով էլ ստիպված էի տեղապահի ընտրություններից մի քանի օր առաջ վերադառնալ Գերմանիա:

 

Եկեղեցական մեր կանոնների համաձայն' երբ պատրիարքը, տեղապահը կամ առաջնորդը որոշ ժամանակով բացակայում է քաղաքից, նշանակում է փոխանորդ, որ իր բացակայության ընթացքում փոխարինի իրեն ու ստանձնի որոշակի պարտականություններ: Սահակ սրբազանին իմ կողմից տեղապահի փոխանորդ նշանակելը պետք է տեսնել ու հասկանալ այս լույսի ներքո:

 

Ես առաջիկա օրերին պետք է վերադառնամ Ստամբուլ ու վերստանձնեմ տեղապահի իմ պարտավորությունները'բնակություն հաստատելով պատրիարքարանում: Այս մասին պետք է գրավոր տեղյակ պահեմ նաև Արամ ու Սահակ սրբազաններին»: