Պոլսի պատրիարքական խոհեմության այս ակնկալությունը վերաբերում է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և անձամբ կաթողիկոսին, որոնք, կարծում ենք, ցանկության դեպքում կարող են հասնել նրան, որ Արամ Աթեշյանը հրաժարվի Հայաստան այցելելու մտքից:

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանին Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի ուղղած բաց նամակը, որը հրապարակվել է Facebook-ում, մեծ հուզումներ ու բողոքի ալիք է բարձրացրել Հայաստանում և Սփյուռքում: Այդ խայտառակ նամակում Արամ Աթեշյանը դիմելով Էրդողանին՝ գրել է. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել։ Սրտից բխող և անկեղծ զգացմունքներով Ձերդ գերազանցությանը տեղեկացնում ենք, որ Թուրքիայի հայկական համայնքը կիսում է այս վիշտը»։


Հենց այս նամակով Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թույլ տվեց իր կյանքի, հավանաբար, ամենամեծ սխալը, սխա՛լ, որը սոսկ սխալ չէ, այլ սրբապղծություն և, կարծում եմ, հայ ժողովրդի կողմից երբեք չի ներվելու:

 

Արամ Աթեշյանի հիշյալ խայտառակ ու սրբապիղծ քայլը, բնականաբար, նրա անձի, գործունեության և ունեցվածքի վրա է բևեռել նաև լրագրողներիս ուշադրությունը: Եվ, ահա, կարճ ժամանակում հաջողվեց պարզել, որ նրա անունն Արթին Աթեշ է: Թուրքական մամուլի տարբեր հրապարակումներում (օրինակ' http://www.azbilmisozneler.com/2015/11/12-eylulden-unutulan-bir-magduriyet.html ) և համացանցում առկա այլ նյութերում հանդիպում է նրա այս անուն ազգանունը: Այսինքն' հասարակական գործիչ, տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը երեկ Լուրեր.com-ին տված հարցազրույցում (http://lurer.com/?p=225910&l=am) միանգամայն ճիշտ տեղեկություն է հայտնել առ այն, որ Արամ Աթեշյանի անձնագրային կամ ավազանի անունը Արթին է, ազգանունը' Աթեշ, Արամը նրա' որպես հոգևորական ստացած անունն է, այսինքն' քահանայական ձեռնադրության ժամանակ եկեղեցու կողմից նրան տրված հոգևոր անունը, իսկ Աթեշ-ն Աթեշյան է սարքվել կամ հայացվել վերջում ավելացնելով յան: Այլ կերպ ասած՝ մարդը ծնվելիս անվանակոչվել, ապա անձանգրով եղել է Արթին Աթեշ, նրա թուրքական անձնագրում այսօր էլ պետք է Արթին Աթեշ գրված լինի, քանի որ այս ազգանվամբ հիշատակվում է ԶԼՄ-ների նաև այս տարվա հրապարակումներում:

 

Եվ ահա այս մարդը 2012թ. օգոստոսին Հայաստանի Հանրապետությունում ստացել է ՀՀ քաղաքացիության անձնագիր Արամ Աթեշյան անուն ազգանունով, հայրանունն էլ' Ազիզ: Ինչպե՞ս, չի՞ ստացվում երկու անձնագիր' իրարից տարբեր անուն ազգանուններով, ի՞նչ անձնագրի հիման վրա է տրվել նրա հայաստանյան անձնագիրը: Հուսանք, որ այս հարցում պարզություն կմտցնի ՀՀ անձնագրային և վիզաների վարչությունը:

 

Երկու տարի անց' 2014 թվականի մայիսին, Արամ Աթեշյանն արդեն ՀՀ քաղաքացիության անձնագիրը գրպանում, 36 մլն դրամով, սեփականության իրավունքով ձեռք է բերել Վաղարշապատի (Էջմիածնի) Լոմոնոսովի փողոցի 1-ին փակուղու թիվ 6 բնակելի տունն իր պատկառելի չափերի հողամասով: Բնակելի տան և շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 188,4 քմ: Նկատենք, որ այն ժամանակ դրամը դեռ արժեզրկված չէր, մոտ 413 դրամը համարժեք էր ամերիկյան 1 դոլարին, այսինքն' 36 մլն դրամը կազմում էր ավելի քան 87 000 ԱՄՆ դոլար:

 

Ըստ Սարգիս Հացպանյանի՝ Պոլսի պատրիարքական փոխանորդը մի տուն էլ ունի Աբովյան քաղաքում, 550 000 դոլար արժողության տուն' Ստամբուլում, շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Անթալիայի մոտ, Էգեյան ծովի և Միջերկրականի հատման կետում գտնվող, հանգստավայր հանդիսացող գեղատեսիլ Բոդրումում, որը Թուրքիայի ամենասիրուն քաղաքն է, մի մեծ ապարանք է ձեռք բերել, Միացյալ Նահանգներում կալվածք ունի, Մոսկվայում անտիկվար խանութներ է աշխատացնում: Լուրջ հարցեր են առաջանում, չէ՞, որտեղի՞ց այսքան մեծ միջոցներ, այսքան թանկարժեք գույք հայ՝ թեկուզ բարձրաստիճան հոգևորականին, որը, եթե չենք սխալվում, համեստ կյանքով պետք է ապրի և օրինակ հանդիսանա հավատացյալների և, ընդհանրապես, բոլոր մարդկանց համար:

 

Արթուր Հովհաննիսյան