«Կախակայել Արամ Աթեշյանի գործունեությունը» հասարակական–քաղաքացիական նախաձեռնությունն այսօր էլեկտրոնային փոստով նամակ է հղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի 23 անդամներին: Ստորև հրապարակում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի նախագահ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հարգարժան անդամների ուշադրությանը ներկայացված այդ նամակը.
Վեհափառ Տեր, հոգեշնորհ եկեղեցական հայրեր, մեծարգո պարոնայք, Գերագույն Հոգևոր Խորհրդին դիմելու առիթը հանդիսացել է Կ. Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի ակնհայտ հակազգային և հակաեկեղեցական պահվածքը: Սույն անձը իր պաշտոնավարության սկզբից ևեթ ոչ բարի համբավով է գրավել նախ պոլսահայության, ապա հայաստանյան և համայն հայության ուշադրությունը, իսկ իր այս վերջին' Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասված մեր 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը անարգելու քայլով արժանացել է ոչ միայն հայության, այլև այլազգի բարեկամների տարակուսանքին:
Մեզ հայտնի է այն, որ յուրաքանչյուր եպիսկոպոս իր ձեռնադրության ժամանակ ուխտ է կատարում և խոստանում հավատարիմ մնալ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու դավանությանը, կանոններին և վերին իշխանությանը։Հոգևորականի սքեմ հագնող ազգությամբ հայ մեկի' մեր սրբերի հանդեպ ցուցաբերած վիրավորական արարքը չի կարող անպատիժ մնալ։
Ուստի գտնում ենք, որ Արամ Աթեշյանի հարցը պետք է ամենայն լրջությամբ և խստիվ քննվի Գերագույն Հոգևոր Խորհրդի նիստում և նրա գործունեությունը' իբրև փոխանորդի, անհապաղ կախակայվի։
Ակնկալում ենք, որ Գերագույն Հոգևոր Խորհուրդը նրա հարցը կտեղափոխի աշնանը գումարվելիք Եպիսկոպոսաց ժողով, որտեղ էլ արժանվույնս կքննվի նրա թե՛ ազգի, և թե՛ եկեղեցու առջև գործած ծանր մեղքը:
Առավել քան համոզված ենք, որ Եպիսկոպոսաց ժողովը մեր եկեղեցու կողմից սրբադասված 1915 թ. սուրբ նահատակների ուրացման ու ազգային և եկեղեցական սկզբունքների դավաճանության համար Արամ Աթեշյանին կարգալույծ կհռչակի:
Հանուն մեր 1,5 միլիոն սրբադասված նահատակների հոգիների խաղաղության՝ հավատով և հույսով սպասում ենք Ձեր արդարամիտ որոշմանը։
«Կախակայել Արամ Աթեշյանի գործունեությունը» հասարակական–քաղաքացիական նախաձեռնություն
ք. Երևան, 29.06.2016թ.