Ալթայի Հանրապետությունում ձերբակալվել է Հայաստանի երկու քաղաքացի է, որոնք փորձել են ոսկի արդյունահանող ձեռնարկության տարածքից դուրս բերել գրեթե 2 ցենտներ թանկարժեք մետաղ պարունակող գրունտ:
Ինչպես հաղորդում են իրավապահ մարմինները, 2013թ. հունվարի 11-ին Հայաստանի երկու քաղաքացի՝ Արթուր Մկրտչյանն ու Կարեն Հոստեգյանը, հանրապետության ՆԳՆ աշխատակցին էին փոխանցել 100 հազար ռուբլի: Գումարի դիմաց ոստիկանության ներկայացուցիչը պետք է ապահովեր թանկարժեք մետաղի անխափան տեղափոխումը Ալթայից:
Հաջորդ օրը հայերը ոսկի արդյունահանող ձեռնարկութան աշխատակցին են փոխանցել 735 հազար ռուբլի: Այդ գումարի դիմաց նրանք պետք է ազատորեն մուտք գործեին հանքի տարածք' այնտեղից դուրս բերելու համար թանկարժեք մետաղներ պարունակող գրունտ, ապա հետագայում դրանք դուրս հանեին ձեռնարկության տարածքից:
«Ընդհանուր առմամբ հանցագործները փորձել են անօրինական ճանապարհով դուրս բերել ավելի քան 190 կգ թանկարժեք մետաղներ պարունակող գրունտ: Ներկայում վերջիններս ձերբակալված են, ու նրանց նկատմամբ որպես պատժի միջոց կընտրվի կալանքը»,- ասվում է Ալթայի Հանրապետության քննչական կոմիտեի քննչական վարչության հաղորդագրության մեջ, որից մեջբերումներ է կատարում RIA Novosti-ն:
Հայաստանցիների նկատմամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն: