Հյուսիային Իրաքի (իրաքյան Քուրդիստան) քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ քրդերը ցանկանում են դերակատարություն ունենալ Իրաքի ճգնաժամի քաղաքական լուծման մեջ, ինչի համար առաջիկա մի քանի ամիսների ընթացքում իրաքյան Քուրդիստանի անկախության համար հանրաքվե կանցկացվի: Այս մասին Բարզանին հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում:

 

Նրա խոսքով՝ Իրաքն արդեն մասնատված է և քրդերը հարկադրված են անկախության հանրաքվե անցկացնելու: Նա ընդգծել է, որ անկախությունը քրդերի բնական իրավունքն է:

 

«Վերջին շրջանում Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ անկախության ձեռք բերումը Քուրդիստանի իրավունքն է: Իրաքն արդեն բաժանված վիճակում է: Կարիք չկա, որ Քուրդիստանը մնա երկրի այդ ողբերգական դրության մեջ: Անկախության հարցը որոշողը ժողովուրդն է: Մենք հարկադրված ենք մի քանի ամիս հետո հանրաքվե անցկացնել», -ասել է քուրդ առաջնորդը:

 

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Հուսեին Չելիքը երեկ Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրաքի մասնատման դեպքում անկախ Քուրդիստանի պետություն ստեղծվելու մեջ Անկարան իր համար վտանգ չի տեսնում:

 

«Եթե Իրաքը մասնատվի, ինչն անխուսափելի է, անկախ Քուրդիստանը մեր եղբայրն է», -ասել է Չելիքը՝ նկատել տալով, որ նման դեպքում Թուրքիան կճանաչի Քուրդիստանի անկախությունը:

 

Financial Times-ը գրում է, որ ներկայում Թուրքիան փայատեր է դարձել Իրաքի քրդական ինքնավարությանը պատկանող նավթային ընկերություններում, և նրա հետ համագործակցում է մի շարք տնտեսական բնագավառներում: Թերթը գրում է, որ Թուրքիան ողջունում է Քուրդիստանի ստեղծումը նաև այն պատճառով, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման հայտարարած խալիֆայության և իր միջև Քուրդիստանը կարող է «բուֆերային գոտի» լինել՝ դրանով կանխելով իրաքցի ահաբեկչների մուտքը Թուրքիա: