Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը վճռական է տրամադրված ինքնավարության կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, հայտարարել է քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանին:
Նրա խոսքով' հանրաքվեի անցկացման հետ կապված անհրաժեշտ աշխատանքներ են տարվում, իսկ ինքնավարության անկախությունը ժամանակի հարց է:
Իրաքի որոշ հյուսիսային տարածքներ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից զավթվելուց հետո Բաղդադի եւ Էրբիլի (քրդական ինքնավարության մայրաքաղաքը) հարաբերությունները զգալորեն վատացել են: Մասուդ Բարզանին Իրաքի կառավարությանը մեղադրել է այն բանում, որ հենց նա է մեղավոր երկրում տեղի ունեցող իրադարձությունների մեջ:
Հուլիսի 7-ին Բարզանին հայտարարել էր, որ Իրաքը գտնվում է պառակտման եզրին, եւ կենտրոնական կառավարությունը չի վերահսկում իրավիճակը:
Նրա խոսքով' վաղ, թե ուշ քրդական ինքնավարությունը հայտարարելու է իր անկախության մասին, քանի որ դա հանդիսանում է Իրաքում քրդերի իրավունքը:
Այս տարվա հուլիսի սկզբին Թուրքիայի իշխանությունները Էրբիլին կոչ էին արել չշտապել ինքնավարության կարգավիճակի փոփոխման հարցով հանրաքվե անցկացնելու գործում: Այդ հայտարարությունն արել էր այն ժամանակ Թուրքիայի վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը' իրաքյան Քրդստան կատարած այցի ընթացքում: