Իսպանիայի Սահմանադրական դատարանը քննության է ընդունել երկրի կառավարության հայցերը, որը պահանջում է Սահմանադրությանը հակասող ճանաչել «Բնակության՝ հանրաքվեի բնույթ չկրող հարցումների անցկացման մասին» օրենքը եւ նոյեմբերի 9-ին Կատալոնիայի անկախության շուրջ հարցում նշանակելու մասին հրամանագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշումն ընդունվել է դատարանի արտահերթ նիստում, որը շարունակվել է մոտ մեկ ժամ: Համապատասխան օրենքի եւ հրամանագրի գործողությունը կասեցվել է:

 

Իսպանիայի օրենքների համաձայն՝ դա նշանակում Է, որ հարցման նախապատրաստումն ու անցկացումը պետք Է դադարեցվի:

 

Իսպանիայի Կատալոնիայի ինքնավար մարզի ղեկավար Արթուր Մասը սեպտեմբերի 27-ին հրամանագիր Է ստորագրել նոյեմբերի 9-ին Իսպանիայից անկախության հանրաքվե անցկացնելու մասին: Կատալոնիայի խորհրդարանը սեպտեմբերի 19-ին օրենք է ընդունել հանրաքվեների մասին, որը, տեղի իշխանությունների կարծիքով, թույլ կտա համաժողովրդական հարցումներ անցկացնել առանց Մադրիդի պաշտոնական համաձայնության:

 

Ինքնավարության իշխանությունների պլանների համաձայն՝ նոյեմբերի 9-ին կատալոնացիներին կառաջարկվի պատասխանել երկու հարցի. «Ցանկանում եք դուք արդյոք, որ Կատալոնիան դառնա պետություն» եւ «Եթե այո, ցանկանում եք դուք արդյոք, որ Կատալոնիան դառնա անկախ պետություն»: Մինչդեռ Իսպանիայի վարչապետը եւ կառավարության այլ անդամներ քանիցս հայտարարել են, որ չեն ճանաչի դրա արդյունքները:

 

Իսկ Կատալոնիայի բնակիչների գրեթե 60 տոկոսը հայտարարել է, որ պաշտպանում է ինքնավարության կողմից պետության կարգավիճակի ձեռքբերումը: Omnibus հասարակական կարծիքի կենտրոնի կողմից անցկացված հարցման տվյալների համաձայն՝ 58,8 տոկոսը «լիովին» կամ «հիմնականում» համաձայն է, որ Կատալոնիան դառնա պետություն, 31,9 տոկոսը դեմ է արտահայտվում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: