Հայաստանում բնակվող 105 հազար անապահով ընտանիքի սոցիալական նպաստի չափը օգոստոսից կկազմի 30 հազար 350 դրամ: Կառավարությունը հուլիսի 3-ի նիստում հավանության արժանացրեց ներկայացված նախագիծը, որով նախատեսվում է էլեկտրաէներգիայի թանկացումը մեղմելու նպատակով սոցիալական աջակցություն ցուցաբերել անապահով ընտանիքներին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով' էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար փոխհատուցումը կտրամադրվի նպաստ ստացող բոլոր ընտանիքներին: «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով' էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումը այդ ընտանիքներից յուրաքանչյուրի կողմից կազմում է ամսական շուրջ 200 կվ/ժամ: Դա նշանակում է, որ էլեկտրաէներգիայի 3,85 դրամով թանկացումից հետո էլեկտրոէներգիայի համար լրացուցիչ ծախսը մեկ ընտանիքի համար կկազմի 770 դրամ: Կառավարությունն իր վրա է վերցնում այդ ծախսը' նպաստի բազան ավելացնելով 1000 դրամով: Արդյուքում կենսաապահովման նպաստների միջին ամսական չափը կկազմի 30 հազար 350 դրամ' 29 հազար 350 դրամի փոխարեն»,-ասաց Ասատրյանը:
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 1-ին առաջարկել էր վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել էր ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ:
Էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը կայացրել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի մեկին. բնակիչները նախկին 38 դրամի փոխարեն կվճարեն 41,85 դրամ: