Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիներն ազատվում են մեկմեկու տարածքում մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու պարտականությունից: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը' կառավարության դատին ներկայացնելով հայ-ռուսական համապատասխան համաձայնագիրը: Նա տեղեկացրեց, որ ժամանակավորապես գտնվելու ժամկետը հաշվարկվում է պետության տարածք մուտք գործելու օրվանից, որը հաստատվում է սահմանային հսկողության մարմինների կողմից: «Ժամկետը սահմանվում է պետության տարածք մուտք գործելու պահին կատարված նշագրումը կրող միգրացիոն քարտով կամ սահմանային հսկողության մարմինների կողմից մյուս պետության տարածք մուտք գործելու պահին անձնագրում կատարված նշագրումով: 30 օրից ավելի ժամանակով մյուս պետության տարածքում գտնվելու դեպքում տվյալ քաղաքացին պարտավոր է գրանցվել մուտքի պետության իրավասու մարմիններում' այդ պետության օրենսդրությանը համապատասխան»,- նշեց Եգանյանը:

 

Նա տեղեկացրեց, որ համաձայնագիրն սկսում է ժամանակավորապես կիրարկվել ստորագրման օրվանից 30 օրը լրանալուց հետո և ուժի մեջ է մտնում անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

 

Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրը կարող է սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնել՝ այդ մասին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով մյուս կողմին։ Այդ դեպքում համաձայնագրի գործողությունը դադարում է այդ ծանուցումն ստանալու օրվանից սկսած 6 ամիսը լրանալուց հետո։

 

Պետական անվտանգությունը, հասարակական կարգը և բնակչության առողջության պահպանությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր կողմ կարող է ամբողջությամբ կամ մասամբ կասեցնել սույն Համաձայնագրի գործողությունը: Ընդունված որոշման մասին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ուղարկվում է մյուս կողմին ոչ ուշ, քան նշված կասեցումից 72 ժամ առաջ։