Ադրբեջանը պարբերաբար խախտում է զինադադարը, սակայն պատերազմ չի սկսում հաղթված լինելու վախից: Շփման գծում իրավիճակի սրացումն ու ադրբեջանական կողմից դիվերսիոն գործողությունների շարունակականությունն, ըստ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարեցրի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի, վախի ապացույցն է, քանի որ, պատերազմ սկսել ցանկացող պետությունը կսկսի այ ն, այլ ոչ թե տարբեր միջոցներով լարվածությունը կպահի սահմանին, որի հետեւանքը կլինի «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» անկայուն իրավիճակը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կիրո Մանոյանն Ադրբեջանի պահվածքը բնութագրում է որպես «լացկան երեխայի հոգեբանություն». «Այդ երկիրը միշտ դժգոհ է միջազգային հանրության ներկայացրած առաջարկություններից եւ անընդհատ փորձում է ցույց տալ, որ կարող է փոխել իրավիճակը: Ադրբեջանը վստահ չէ, որ պատերազմի վերսկսման դեպքում հաղթանակ կտանի: Սակայն ադրբեջանական կողմի գործողությունները վտանգավոր են նրանով, որ կարող են վերաճել պատերազմի. որքա՞ն կարելի է խախտել հրադադարը եւ պատասխան չստանալ: Ուստի անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը օգտագործի Ադրբեջանին ճնշելու իր լծակները հրադադրի խախտումները թույլ չտալու նպատակով», - ընդգծեց Կիրո Մանուկյանը:
Թեպետ 1994թ. կնքվեց զինադադար եւ ԼՂ հակամարտության կողմերը ստորագրեցին համաձայնագիր հրադադրի ռեժիմի պահպանման վերաբերյալ, սակայն ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը: Միջազգային հանրության եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերին' հեռացնել դիպուկահարներին շփման գծից, Ադրբեջանը պատասխանում է լռությամբ, եւ հաճախ դիպուկահարները կրակում են խաղաղ քաղաքացիների վրա: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հեռացնել դիպուկահարներին, եթե նույնը կատարի նաեւ Ադրբեջանը: Միաժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միջազգային բոլոր հարթակներում հայտարարել է, որ հայկական կողմը երբեք նախահարձակ չի լինում եւ երբեք առաջինը կրակոց չի արձակում: Հայկական զինված ուժերը պատասխանում են միայն դիպուկահարների կրակոցներին եւ այն կրակոցներին, որոնք ուղղված են հայկական դիրքերի կամ բնակավայրերի ուղղությամբ: Հայկական զինված ուժերի որդեգրած սկզբունքն է' չկրակել խաղաղ քաղաքացիների կամ բնակավայրերի ուղղությամբ: